Նորություններ

ԱԱ-1/8 եզրափակիչ. Գերմանիա - Ալժիր 2:1

Սպորտ 2014-07-01

1/8 եզրափակչի շրջանակներում ուժերն են չափում Գերմանիայի ու Ալժիրի հավաքականները: Գերմանացիները լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարան Ալժիրի հավաքականի նկատմամբ:
Պորտու Ալեգրիում կայացած խաղի սկզբնամասում Բունդեսթիմը վերահսկում էր գնդակը, սակայն չէր կարողանում ստեղծել գոլային պահեր, իսկ աֆրիկացիներն անցկացնում էին բավական վտանգավոր հակագրոհներ: Ալժիրի հավաքականը ոչ միայն հավասարեցրեց խաղն, այլև մի պահ ուներ առավելություն: Կարծես անակնկալի եկած գերմանացիների խաղը չէր ստացվում առաջին խաղակեսում, իսկ ալժիրցիները հիանալի էին գործում բոլոր օղակներում:
 
Ընդմիջումից հետո գերմանացիներն ակտիվացան և սկսեցին գրոհել ավելի վստահ ու վտանգավոր: Ալժիրցիներն ամենևին էլ չէին վախենում հզոր մրցակցից՝ չմոռանալով նաև գրոհելու մասին: Գերմանիայի գրոհներում պակասում էր արագությունը, իսկ Ալժիրը շարունակում էր անթերի գործել պաշտպանությունում: Հանդիպման ամենաիրական գոլային պահը 80-րդ րոպեին ունեցավ Տոմաս Մյուլերը, ով վրիպեց շատ հարմար դիրքից: Քիչ անց Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպանը կարող էր ուղղել իր սխալը, բայց դարձյալ չօգտագործեց լավ գոլային հնարավորություն:
 
90 րոպեներն ավարտվեցին 0:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Բունդեսթիմը շատ արագ բացեց հաշիվը: 92-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Անդրե Շյուրլեն, ում գոլից հետո խաղը բացվեց: Թիմերն անցկացնում էին եկկողմանի գրոհներ: Ալժիրցիներն ունեցան հաշիվը հավասարեցնելու իրական հնարավորություն, բայց չօգտվեցին դրանից: Վերջնամասում Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը նաեւ կրկնապատկեց եվրոպացիների առավելությունը: Այդ գոլը եւս չընկճեց Ալժիրի թիմին, որը վայրկյաններ անց կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:
 
ԱԱ-2014-ը լքեց նաև աֆրիկյան վերջին հավաքականը, որը թողեց լավ տպավորություն:
 
ԱԱ-2014, 1/8 եզրափակիչ
 
Գերմանիա – Ալժիր՝ 2:1 
 
Անդրե Շյուրլե, 92, Մեսութ Օզիլ, 119 – Աբդելմումեն Ջաբու, 120+1
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: