Նորություններ

ԱԱ-2014. Հոլանդիա – Մեքսիկա՝ 2:1

Սպորտ 2014-06-30

Աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլում կայացավ Հոլանդիա-Մեքսիկա հանդիպումը, որն ավարտվեց հոլանդացիների կամային հաղթանակով՝ 2-1 հաշվով:
Ընդ որում՝ մինչև 88-րդ րոպեն մեքսիկացիները «Վիլյառեալի» հարձակվող Ջովանի Դոս Սանթոս գեղեցիկ գոլի շնորհիվ առջևում էին հաշվի մեջ, սակայն խաղի վերջնամասում բաց թողեցին 2 գոլ:
 
Ֆորտալեզայում կայացած հանդիպման սկզբնամասը հաջող չէր հոլանդացիների համար, քանի որ 9-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց «Միլանի» կիսապաշտպան Նայջել դե Յոնգը, ում փոխարեն խաղադաշտ դուրս եկավ ՊՍՎ-ի պաշտպան Մարտինս Ինդին: Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով և ավարտվեց 0:0 հաշվով: Մեկնարկային 45 րոպեներն անցան հավասար պայքարում: Թիմերը խաղում էին փակ փուտբոլ:
 
Ընդմիջումից 3 րոպե անց Դոս Սանթոսը գեղեցիկ հարվածով առաջ մղեց մեքսիկացիներին, ինչից հետո խաղը փոխվեց: Հոլանդացիները սկսեցին գրոհել մեծ ուժերով, իսկ Մեքսիկայի թիմը փակվել էր պաշտպանությունում: Լուի վան Գալի թիմն ունեցավ մի քանի գոլային պահեր, սակայն ֆրանսիական «Այաչոյի» դարպասապահ Գիլերմո Օչոան մեկը մյուսի հետևից փրկում էր հյուսիսամերիկացիներին: 88-րդ րոպեին անզոր գտնվեց նաև Օչոան, ով չկարողացավ հետ մղել «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի հարվածը: 1:1 և թվում էր, թե խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, բայց հոլանդացիներն այլ ծրագրեր ունեին: Ավելացված ժամանակում Մեքսիկայի հավաքականի ավագ Ռաֆայել Մարկեսը սեփական տուգանային հրապարակում գցեց Արյեն Ռոբենին, իսկ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց փոխարինման դուրս եկած Կլաս-Յան Հունտելարը՝ հաղթանակ պարգևելով եվրոպացիներին:
 
Մեքսիկացիները 6-րդ անգամ անընդմեջ չկարողացան հաղթահարել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի արգելքը:
 
Խմբային փուլը 100 տոկոսանոց արդյունքով ավարտած Հոլանդիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կխաղա Կոստա Ռիկա – Հունաստան զույգի հաղթողի հետ:
 
ԱԱ-2014, 1/8 եզրափակիչ
 
Հոլանդիա – Մեքսիկա՝ 2:1
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: