Նորություններ

Ջազի հայ թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանը կերգի Հայաստանում

Ուշագրավ 2014-06-27

Ս.թ. հունիսի 28-ից հուլիսի 4-ը Երևանում, Գյումրիում և առաջին անգամ Ստեփանակերտում կկայանա Ջազ հայտնի երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի երկար սպասված համերգային շրջագայությունը:
Երգչուհին երկու համերգ ունենալու է Երևանում՝ հունիսի 28-ին Յանս ակումբում ու հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 30-ին՝ Գյումրիում, հուլիսի 2-ին՝ Ստեփանակերտում: Մինչ համերգային ծրագրի մեկնարկը Տաթիկ Հովհաննիսյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ:
 
Երբ Տաթևիկ Հովհաննիսյանը գնաց Միացյալ Նահանգներ, այդքան շատ հայկական երաժշտություն չուներ իր երգացանկում: Երգում էր ամերիկյան և բրազիալական ջազային ստանդարտներ:
 
«Ես այստեղ փոփ երաժշտություն էի երգում, բայց ջազայինն ինձ համար հիմնականն էր: Այս երկու աշխարհը կապակցելու միտքը ինձ համար եղավ ԱՄՆ-ում: Իհարկե ինձ համար ժողովրդական երաժշտությունը նորություն չէր: Մայրս` Օֆելյա Համբարձումյանն ինձ միշտ սնել է այս երաժշտությամբ: Ես դրա մեջ եմ մեծացել, այդ երաժշտությունը քայլել է իմ հետ, մեծ բուն է դրել իմ սրտի մեջ: Երբ երկրից գնում ես, կարոտն ավելի շատանում է, ամեն ինչ ավելի քաղցրանում է: Սա մեծ դեր խաղաց, որ ես ավելի կենտրոնանամ, ավելի լուրջ վերաբերեմ, որ մեր հրաշալի երաժշտությունը, որը խորություն ունի, կարելի է կապակցել մեկ ուրիշ խորը արմատների հետ»,- ասում է ջազ երգչուհին:
 
Իր ստեղծագործությունները երգչուհին չի առանձնացնում. «Բոլորն իմ երեխաներն են, ինչպե՞ս կարող եմ»:
 
Միացյալ Նահանգներում Տաթևիկ Հովհաննիսյանն էթնիկ հայկական ջազ է դասավանդում. «Ես ոչ մեկին չեմ ստիպում հայկական ջազը: Նրանք են գալիս ինձ մոտ: Տարբեր ազգերից աշակերտներ ունեմ: Գալիս են հենց այդ հետաքրքրությամբ, որպեսզի այդ երաժշտության մեջ մտնեն, սովորեն էթնիկ երաժշտության մեջ իմպորվիզներ անել, որպեսզի ես բացատրեմ առանձնահատկությունները: Շատերը գալիս են իմ երգերը սովորած, որ սովորեցնեմ ավելի լավ ձևով երգել: Չգիտեմ ոնց եղավ, բայց սիրում են, տարածվել է: Ուրեմն ուժ ունի մեր երաժշտությունը»:
 
Երևանը կապված է երգչուհու կյանքի պատմության հետ, բայց ոչ թե այս, այլ այն Երևանը, որ թողել էր ժամանակին:
 
«Ոնց կարող ես էս Երևանն ավելի սիրել, քան այն Երևանը: Այստեղ սենց արեցինք, էստեղ նստեցինք, ես ծնվել եմ այն հիվանդանոցում և այլն… Կամաց-կամաց դա վերանում է: Ինձ որոշ տեղ ճանաչում եմ, բայց ուրիշ տեղեր կա, որ բաց թողնես չեմ գտնի, չեմ ճանաչի, կկորեմ: Փոփոխություններ կան, որ գովելի են, կան որ գովելի չեն: Շատ կուզենայի, որ այն մշակույթը, ճարտարապետությունը, ավանդույթները, որ մեզ յուրահատուկ է պահել, դրանք պահպանվեն: Բացարձակ կարևորություն չունի` լինել ևս մեկ եվրոպական քաղաք, որն արդեն կա»,- ասում է նա:
 
Տաթիկ Հովհաննիսյանի բնորոշմամբ, պետք չէ օտարամոլ լինել. «Հպարտանանք նրանով, որ շատ յուրահատուկ լեզու, հին մշակույթ ունենք: Պետք չի այդքան եվրոպականանալ, դա շատ կարևոր է»:
 
Այնուամենայնիվ, Երևանը Երևանն է, ու այն հանգստությունը, որ ունենում է այստեղ, ուրիշ ոչ մի տեղ երգչուհին չի գտնում. «Այսօր առավոտյան շուտ արթնացա, քնած էր Երևանը: Լրիվ քնած էր: Որ դուրս եկա պատշգամբ, օդը, հանդարտությունը… այդպիսի բան չկա Նյու Յորքում, քաղաքը 24 ժամ աշխատանքի մեջ է, չկա մի կետ, որ հանգիստ է: Առավոտյան Երևանում միայն մի կին կռացած ավել էր անում, որ ինձ հաճելի հիշողություններ տվեց: Բաներ կան, որ դժվար է…»:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: