Նորություններ

33-րդ տուրի ամփոփումը

Սպորտ 2013-03-11

33-րդ տուրի ընթացքում հյուրընկալվելիս հաղթանակի է հասել միայն «Փյունիկը»: Առաջնությունում կայացած 132 հանդիպումների ընթացքում դաշտի տերերը 64 անգամ գրանցել են հաղթանակ, հյուրերը` 41 անգամ, իսկ 27 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Ընդհանուր առմամբ տուրն անցել է դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես եկած թիմերի առավելությամբ, որոնք հաղթել են 3 խաղում, կրել մեկ պարտություն:

4 խաղում խփվեց 7 գոլ, որից միայն 2-ը բաժին հասավ հյուրերին: Առաջնության 132 հանդիպումներում գրանցվել է 341 գոլ: Միջին արդյունավետությունը կազմում է 2,58 գոլ:

«Շիրակի» 6 անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց: Թիմն ընթացիկ առաջնությունում սեփական հարկի տակ (Իջևանում) 2-րդ անգամ պարտվեց «Փյունիկին», որին 2 անգամ հաղթել էր Երևանում, մեկ անգամ էլ պարտության էր մատնել Գյումրիում: Վերջին պարտությունն առաջնությունում գյումրեցիները կրել էին անցյալ տարվա նոյեմբերի 3-ին` 1:3 հաշվով զիջելով «Իմպուլսին»:
 
Ընթացիկ առաջնությունում «Շիրակն» առաջին անգամ չիրացրեց 11մ հարվածը: Մինչ այդ թիմի օգտին նշանակված 11մ 4 հարվածներն էլ անվրեպ էր իրացրել Անդրանիկ Բարիկյանը` խոցելով «Ուլիսի», «Արարատի», «Գանձասարի» և «Բանանցի» դարպասները: Իսկ ահա փյունիկցի Գոռ Մանուկյանի հետ մենամարտում Բարիկյանին չհաջողվեց հաղթող դուրս գալ:
 
«Փյունիկն» ընթացիկ առաջնությունում Իջևանում 2-րդ անգամ հաղթեց «Շիրակին»: Եթե 2012թ. ապրիլի 21-ին Իջևանում կայացած հանդիպման ելքը վճռել էր Կամո Հովհաննիսյանի խփած միակ գնդակը, ապա այս անգամ «Փյունիկի» հաղթանակն ապահովեց Արթուր Յուսպաշյանը, ով ընթացիկ առաջնությունում բացեց գոլերի հաշիվը: 
ՀՀ առաջնություններում «Փյունիկը» հոբելյանական` 350-րդ հաղթանակը տոնեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հաղթանակներից 34-ը գրանցվել է «Շիրակի» հետ հանդիպումներում: Վերջինս տարած հաղթանակների քանակով (280) «Փյունիկից» հետո 2-րդ արդյունքն ունի: 
 
Ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» դարպասին 6-րդ 11մ հարվածը նշանակվեց: Առաջին անգամ թիմի դարպասապահին հաջողվեց հաղթող դուրս գալ մրցակցի հետ մենամարտում:
 
«Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը հաղթանակով նշեց Ռաֆայել Նազարյանը: Հետաքրքիր է, որ «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում էլ Նազարյանի նորամուտը հաջող էր անցել: 2011թ. առաջին շրջանի ավարտից հետո փոխարինելով Ստևիցա Կուզմանոսկուն, Նազարյանն իր սաների հետ առաջնությունում անցկացրած առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Արարատին»:
 
«Իմպուլսը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: «Գանձասարի» հետ մրցախաղերում հավասարակշռություն հաստատվեց. մրցակիցներից յուրաքանչյուրը 4-ական հաղթանակ է տոնել` խփելով 13-ական գնդակ:
 
«Միկան» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այդ հանդիպումներում թիմի դարպասը մնացել է անառիկ: Ընթացիկ առաջնությունում «Միկան» 4-րդ անգամ պարտության մատնեց «Բանանցին», որին մինչ այդ չէր կարողանում հաղթել նախորդ 7 հանդիպումներում: Ընթացիկ առաջնությունում մրցակիցների միջև կայացած 5 հանդիպումներում «Բանանցը» միայն մեկ միավոր է վաստակել` անցյալ տարվա նոյեմբերի 21-ին սեփական հարկի տակ խաղն ավարտելով ոչ-ոքի` 1:1:
 
«Ուլիսին» վերջապես հաջողվեց հաղթանակ տոնել: Մինչ այդ անցկացրած նախորդ 6 հանդիպումներում ուլիսցիներն ընդամենը 3 միավոր էին վաստակել, ընդ որում վերջին 3 խաղերում գոլ չէին խփել: Վերջին հաղթանակն առաջնությունում «Ուլիսը» տոնել էր 2012թ. հոկտեմբերի 27-ին «Իմպուլսի» նկատմամբ` 2:1:
 
Նարեկ Բեգլարյանը և Ուիլյամ Պոտկերը գոլով նշեցին իրենց նորամուտը «Գանձասարի» կազմում: Եթե Բեգլարյանը բարձրագույն խմբում իր 39-րդ գոլը խփեց, ապա Պոտկերը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում: «Իմպուլսի» հետ խաղում կապանցիների կազմում նորամուտը նշեցին նաև Արտակ Դաշյանը, Սամվել Մելքոնյանը, Ալեքսանդր Պետրոսյանն ու Հովհաննես Մաճկալյանը:
 
Աղբյուրը` Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: