Նորություններ

Որտեղի՞ց է առաջացել ծափահարելու ավանդույթը

Ուշագրավ 2014-06-18

Հնագույն ժամանակներում մարդիկ աստվածներին դիմել են ծափահարությունների միջոցով: Այնուհետև այն ընդօրինակվել է քրիստոնեության, հուդայականության և իսլամի կողմից: Այսինքն, ծափահարությունները աստվածների հետ հաղորդակցվելու միջոց է, և այդ երևույթը մենք ժառանգել ենք հնագույն ծիսակարգերից և տոնակատարություններից:
Հնում ծափահարություններով ողջունում էին նորածնին` լույս աշխարհ գալու առթիվ: Դրանցով հանգուցյալներին ճանապարհում էին «երկար ճանապարհորդության»:
 
Հին Հռոմում խանդավառությամբ ծափահարում էին դերասաններին և հռետորներին, ինչպես և հիմա, սակայն այդ ծափահարություններն ուղղված էին այն աստվածություններին և աստվածներին, որոնց դիմակի տակ ելույթ էին ունենում դերասանները:
 
Սովորույթը սահուն կերպով անցավ ավելի ուշ ժամանակաշրջաններ, երբ բազմաստվածությունն իր տեղը զիջեց միաստվածությանը: Աստվածները «հեռացան» բեմից, իսկ ծափահարությունները մնացին: Ճիշտ է` դրանք արդեն սկսեցին ուղղվել դերասաններին: 
Հին Ճապոնիայում մի ծիսակարգ գոյություն ուներ. հավատացյալը տաճարի դիմաց` սպիտակ խսիրի վրա, մետաղադրամ էր նետում, երկու անգամ ծափ տալիս` դիմելով աստծուն, փորձելով նրա ուշադրությունը սևեռել իր անձի վրա, ապա նոր միայն սկսում էր աղոթել:
 
Քրիստոնեական եկեղեցին հեթանոսության մնացորդներն արմատախիլ անելու համար պատարագի ժամանակ արգելում էր ծափահարությունները (Հովհաննես Ոսկեբերանը դրան նվիրված աշխատություն ունի): Եկեղեցու համար այս երևույթն անընդունելի է, քանի որ դեպքեր են գրանցվել, երբ ծիսակարգն ավելի շուտ նմանվել է թատրոնի:
 
Վատիկանն արգելում է ծափահարությունները և վերջերս մի նոր ձեռնարկ է հրատարակել, ըստ որի` հավատացյալներին արգելվում է եկեղեցում պարել և ծափահարել: Ձեռնարկում կա 200 բաժին, որոնցում խոսվում է կաթոլիկ ծեսերի 37 խախտման մասին:
 
Այսօրվա մեր ընկալմամբ` ծափահարությունը կապված է դրական հույզերի և ապրումների հետ, սակայն պետք է նշել, որ Եվրոպայում դրականը պարտադիր պայման չէ: Օրինակ` հաճախ ծափահարում են նաև այն արտիստին, որի կատարումը հանդիսատեսներին դուր չի եկել:
 
Իտալիայում ծափահարություններ կարող եք լսել և հարսանիքի, և մկրտության, և թաղման արարողության ժամանակ: Դա ավանդույթ է:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: