Նորություններ

Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակի բացումը Երևանում

Ուշագրավ 2014-06-09

Իսրաելյան 38 հասցեում, Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հարևանությամբ, տեղի ունեցավ ռուս հանրահայտ գրող և դերասան՝ Վլադիմիր Վիսցսկու հարթաքանդակի բացումը:
«Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիան կազմակերպել էր հարթաքանդակի նվիրաբերման հանդիսավոր արարողությունը
Բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար, «Խաղաղության գավաթ» միջազգային խաղաղարարության նախաձեռնության համակարգող Յուրի Կայդան, «Խաղաղության գավաթ» միջազգային միության խորհրդի անդամ Վիկտորս Կրիվցունսը, ԽՍՀՄ տիեզերագնաց, ԽՍՀՄ երկակի հերոս Վիկտոր Սավինիխը: Բացման արարողությանը ներկա էին մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, մշակութային, հասարակական գործիչներ:
 
Հարթաքանդակը բացեցին Արև Սամուելյանը և Վ. Սավինիխը:
 
«Քանդակը հիանալի երկրում և հիանալի վայրում է տեղադրված` անցորդների աչքի առջև: Մի բան կուզեի ասել` լավ է, որ հենց Երևանում տեղադրվեց Վիսոցկու քանդակը` սա արդեն ինչ-որ բան է ասում», - ասաց Սավինիխը:
 
Հարթաքանդակի բացման արարողությունից հետո Գաֆէսճեան քանդակների պարտեզում սկսվեց Վ. Վիսոցկուն նվիրված բացօթյա համերգ:
 
Հարթաքանդակի մոդելավորման աշխատանքներն իրականացվել են 2013 թ. մի քանի փուլով, այդ թվում նաև Հայաստանում՝ Երևանում, Էջմիածնում և Գեղարդում: Ստեղծագործության հեղինակն է լատվիացի անվանի քանդակագործ Յանիս Ստրուպուլիսը:
 
Հարթաքանդակը շրջանաձև է (50 սմ տրամագծով): Պատրաստման աշխատանքներին մասնակցել են հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իրանից, ԱՄՆ-ից: Հարթաքանդակը տրամագծով զարդարված է Վ. Վիսոցկու անվանի ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով, այդ թվում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ինքնագրով: Հարթաքանդակի վրա զետեղված է անվանի աստղագետ Լյուդմիլա Ժուրավլյովայի կողմից 1974 թվականին հայտնաբերված և արվեստագետի պատվին անվանակոչված «ՎլադՎիսոցկի» փոքր մոլորակի պլաստիլինե պատկերը, որը պատրաստված է անձամբ տիկին Ժուրավլյովայի ձեռքով:
 
Ազգությամբ ռուս արտիստ Վիսոցկու հեղինակային երգերը կատարող հայ երգիչ Արամ Գյուրջյանը կարևորում է հարթաքանդակի տեղադրումը Հայաստանում. «Այն մեծ պարգև է երկրպագուների համար, թեև ժամանակները փոխվել են, միևնույն է, նրա երգերն առ այսօր արդիական են, կարելի է ասել՝ մարգարեական երգեր է երգել, նա համամարդկային գաղափարների և արժեքների կրող էր»:
Վլադիմիր Վիսսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում։ Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։
 
Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում։ 1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան։ Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։ 1970-ին համերգներ է տվել Հայաստանում։
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: