Նորություններ

«Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողով Երևանում

Ուշագրավ 2014-05-31

Ս. թ. հունիսի 4-6-ը Երևանում կանցկացվի Հայաստանում և արտերկրում պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին նվիրված «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողով, որը նվիրված է ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին:
Գիտաժողովը կհաստատի 2011 թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար տեխնիկական համաձայնագրի» շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագրի ավարտը:
 
Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայաստանի և արտերկրի մշակութային ժառանգության պահպանման և ընդլայնման նոր սահմանները` ելակետ հանդիսանալով ապագա հետազոտությունների և ծրագրերի համար, ինչպես նաև նպաստելով տարբեր փորձագետների և կազմակերպությունների միջև բազմառարկայական կապերի և համագործակցության ձևավորմանը: 
 
Գիտաժողովը կմիավորի գիտաշխատողների, մասնագետների, ինչպես նաև պատմամշակութային ժառանգության ոլորտում քաղաքականություն իրականացնողներին, ովքեր կներկայացնեն, կքննարկեն հնագիտական, ճարտարապետական և քաղաքաշինական ժառանգությանն ու միջավայրին վերաբերող հիմնահարցերն ու դրանց զարգացման ուղիները:
 
Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված են նաև ժառանգության պահպանության ոլորտում ընդգրկված ու բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և այլ կազմակերպություններ:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: