Նորություններ

ՀՀ մշակույթի նախարարությունը բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատար

Ուշագրավ 2014-05-29

2014թ. Հայաստանը 6-րդ անգամ մասնակցելու է Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին: ՀՀ մշակույթի նախարարության մամուլի բաժնից տեղեկացնում են, որ առաջին անգամ ՀՀ մշակույթի նախարարությունը բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարն է լինելու:
Ս. թ. հունիսի 6-ին Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում բացվելու է Հայաստանի տաղավարը, որը ներկայանում է «Իղձերի մայրաքաղաքը» խորագրով: 
 
Ազգային տաղավարը կազմակերպել են համադրողներ Ռուբեն Արևշատյանը և Գեորֆ Շյոելամերին (Ավստրիա): Հայաստանի տաղավարը զբաղեցնում է 200 քմ տարածք: 
 
Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեն այս տարի անցկացվում է «Հիմքեր» խորագրի ներքո և նվիրվում է ճարտարապետության 1914-2014 թթ. համաշխարհային պատմությանը և քաղաքաշինության ուսումնասիրությանը: Բիենալեին մասնակցում է 66 ազգային տաղավար:
 
Ներկայացվելու է Հայաստանի ճարտարապետության ու քաղաքաշինության ձևավորման ու զարգացման պատմությունը՝ 1920-ականներից մինչև այսօր՝ թամանյական դպրոց, կոնստրուկտիվիստներ և Ռաֆայել Իսրայելյանի կողմից առաջ քաշված երկրորդ ազգային ոճի դպրոցը: Ցուցադրության մեջ ներկայացված կլինեն ճարտարապետական նախագծեր, էսքիզներ, արխիվային լուսանկաներ, սլայդեր, ֆիլմեր: Ներկայացված շինությունները, նախագծերը վերաբերում են 1924 թվականից մինչև 1986 թ.:
 
Նշենք, որ հայկական ազգային տաղավարի բացմանը ներկա են լինելու բարձրաստիճան այրեր, ովքեր արդեն ընդունել են հրավերը: Հայկական տաղավարը հանրության առջև կբացվի հունիսի 7-ից ու կգործի մինչև նոյեմբերի 23-ը: Բիենալեի տեսական ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 20-21-ը հայկական տաղավարը բիենալեի գլխավոր ցուցահանդեսային տարածքում անցկացնելու է «Տեղային արդիություններ» թեմայով միջազգային գիտաժողով:
 
Աղբյուրը՝ www.aysor.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: