Նորություններ

«Նոր Ջուղայի օրեր» ծրագրի եզրափակումը

Ուշագրավ 2014-05-26

Երևանում անցկացվող «Նոր Ջուղայի օրեր» ծրագրը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ նախաձեռնությամբ: Ծրագիրն եզրափակվեց Մշակույթային միջոցառումների շարքով:
Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Սուրբ Հովսեփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350 ամյակին նվիրված հանդիսության մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
 
Ցուցադրվել է Ռուբեն Գևորգյանցի՝ Նոր Ջուղայի հայ համայնքին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու պատմությանը նվիրված «Նոր Ջուղա. լինել» ֆիլմը:
 
Ելույթ է ունեցել Սպահանի «Կոմիտաս» երգչախումբը դիրիժոր Արմեն Ամիրխանյանի գլխավորությամբ: Հնչել են Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Աշոտ Ղազարյանի ստեղծագործությունները:
 
Հանդիսության հետ մեկտեղ Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում բացվել էր «Նոր Ջուղայի հայ համայնքն անցյալի և ներկայի խաչմերուկներում» խորագրով ցուցահանդես:
 
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին, ողջունելով ներկաներին, հավելեց. «Այս երեք օրվա միջոցառումները ցույց են տալիս մեր ժողովուրդների մշակութային ընդհանրությունները: Նոր Ջուղան կարևոր դեր է խաղում Իրանի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում: Բոլոր զբոսաշրջիկներն անպայման այցելում են Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ եկեղեցի, որն իրավամբ համարվում է Իրանի հայ համայնքի հոգևոր, ազգային, մշակութային և հասարակական գործունեության գլխավոր կենտրոնը»: Ելույթ ունեցան նաև Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն եպս. Չարյանը, ՀՅԴ անդամ, ծնունդով ջուղայեցի Հրանտ Մարգարյանը, Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նոյել Մինասյանը:
 
Ներկայացվել էին Նոր Ջուղայի տարազներ, հարսանեկան շորեր, մաշիկներ, գոտիներ, գլխարկ: Առանձին հավաքածուներով ցուցադրված էին սեղանի հյուսկեն ու ասեղնագործ ծածկոցներ, թաշկինակներ, օձիքներ, եկեղեցական ոսկեյուս վեղարներ, գրքեր Նոր Ջուղայի մասին, թերթեր և ամսագրեր, արխիվային այլ նյութեր: Վահանակները ներկայացնում էին հայտնի նորջուղայեցիների և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հայրերի կենսագրությունները, լուսանկարները:
 
Աղբյուրը՝ www.aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: