Նորություններ

ՀՀ մշակույթի նախարարությունը առաջին անգամ կլինի բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատար

Ուշագրավ 2014-05-23

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը հայտնում է, որ 2014թ. Հայաստանը 6-րդ անգամ իր մասնակցությունն է ունենալու Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին, սակայն առաջին տարին է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի հանձնակատարն է:
Նրա տեղեկացմամբ, հունիսի 6-ին Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում բացվելու է Հայաստանի տաղավարը, որը ներկայանում է «Իղձերի մայրաքաղաքը» խորագրով: 
 
Ազգային տաղավարը կազմակերպել են համադրողներ Ռուբեն Արևշատյանը և Գեորֆ Շյոելամերին (Ավստրիա): Հայաստանի տաղավարը զբաղեցնում է 200 քմ տարածք, ըստ փոխնախարարի, ավելի մեծ ու ներկայանալի է, քան նախորդ տարիներին:
 
«Համադրողների հանդիպման ժամանակ մեր տաղավարն առանձնահատուկ ուշադրության է արժանացել բիենալեի համակարգող հոլանդացի հանրաճանաչ ճարտարապետ Ռեմ Կուլհասի կողմից, մյուս մասնակիցների համար մատնանշվել է որպես մատուցման օրինակելի ձև»,- ասաց Ա. Սամուելյանը:
 
Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեն այս տարի անցկացվում է «Հիմքեր» խորագրի ներքո և նվիրվում է ճարտարապետության 1914-2014 թթ. համաշխարհային պատմությանը և քաղաքաշինության ուսումնասիրությանը: Բիենալեին մասնակցում է 66 ազգային տաղավար:
 
Համադրող Ռուբեն Արևշատյանն ասաց, որ ազգային տաղավարի նախագիծը երեք տարբեր ու հակադիր ազգային մոդեռնիզմների մասին պատմող ցուցադրություն է, որը ներկայացնում է Հայաստանի ճարտարապետության ու քաղաքաշինության ձևավորման ու զարգացման պատմությունը՝ 1920-ականներից մինչև այսօր՝ թամանյական դպրոց, կոնստրուկտիվիստներ և Ռաֆայել Իսրայելյանի կողմից առաջ քաշված երկրորդ ազգային ոճի դպրոցը: Ցուցադրության մեջ ներկայացված կլինեն ճարտարապետական նախագծեր, էսքիզներ, արխիվային լուսանկաներ, սլայդեր, ֆիլմեր: Ներկայացված շինությունները, նախագծերը վերաբերում են 1924 թվականից մինչև 1986 թ.:
 
Նշենք, որ հայկական ազգային տաղավարի բացմանը ներկա են լինելու բարձրաստիճան այրեր, ովքեր արդեն ընդունել են հրավերը: Հայկական տաղավարը հանրության առջև կբացվի հունիսի 7-ից ու կգործի մինչև նոյեմբերի 23-ը: Բիենալեի տեսական ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 20-21-ը հայկական տաղավարը բիենալեի գլխավոր ցուցահանդեսային տարածքում անցկացնելու է «Տեղային արդիություններ» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված խորհրդային ուշ մոդեռնիստական ճարտարապետությանը՝ տարբեր երկրների հայտնի տեսաբանների մասնակցությամբ:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: