Նորություններ

«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը կանցկացվի Մոսկվայում

Ուշագրավ 2014-05-21

Մշակույթի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին, Մոսկվայում, Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ: Փառատոնի հեղինակն և ղեկավարն է Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովան:
«Սերունդների մեղեդիներ» փառատոնին կմասնակցեն շնորհալի երեխաներ ԱՊՀ երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղրղզստան, Ադրբեջան) և արտերկրից. մենակատարները հանդես կգան դասական ստեղծագործությունների կատարումներով:
Հայաստանից փառատոնին կմասնակցի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտ Անդրեյ Կուրբետը (դաշնամուր, դասատու՝ Ելենա Սեդրակյան): Անդրեյ Կուրբետը «Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ է (2013 թ.), Ջուզեպպե Տերրասիանոյի անվան (2009 թ. Իտալիա), «Ֆլամ» միջազգային մրցույթների (2010 թ. Ֆրանսիա) և Ա. Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթ-փառատոնի (2012 թ.) մրցանակակիր:
 
Երիտասարդ դաշնակահարը փառատոնին կներկայանա Յ. Հայդնի, Ֆ. Մենդելսոնի, Ֆ. Շոպենի ստեղծագործությունների կատարումներով:
 
«Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը բարեգործական է, այն նպաստում է մշակութային միջազգային համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: