Նորություններ

Ցերեկույթ Զովաբերի միջնակարգ դպրոցում «Իմ հայրենիք» թեմայով

Կրթական 2014-04-29

«Մեր հայրենիքը շատ հին է, այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու համարձակ, աշխատասեր են եղել, որ կարողացել են այն սրբորեն պահպանել ու հասցնել մեզ:
Ու մեզանից յուրաքանչյուրի պարտքն է այն սրբորեն պահպանել ու փոխանցել գալիք սերունդին, դաստիարակել հայրենասիրության ոգով…»  այսպիսի նախադասություններով միջոցառման սկիզբն ազդարարեց չորրորդ դասարանի դասվար Սվետլանա Սահակյանը, որի խոսքին հաջորդեց ՀՀ օրհներգի երաժշտությունն ու աշակերտների ձեռքով փոքրիկ եռագույն դրոշների խոնարհումը (ավազով սարքված) Մասիս սարի փեշերին:
 
Միջոցառումը ծայրից ծայր հագեցած էր հայրենասիրության ոգով, անգամ հագուստները` որոնք երբեմն փոխվում էին դերերին համապատասխան:
Սովորել էին ազգային, հայրենասիրական երգեր, պատմում էին Վ. Մանուկյանի, Նոյի, Արգիշտի հզոր թագավորի, Տիգրան Մեծի, Սարդարապատի հերոսամարտի մասին, ներկայացնում հատվածներ` «Ինչ կա չկա, ինչ երևում չի երևում Հայրենիք է», «Օջախի հիմքը», Էրեբունի Երևանի ստեղծման պատմություններից:
 
Գեղեցիկ ու ճաշակով էր ձևավորված դահլիճը` եռագույն դրոշներով` մեծ ու փոքր, Հայաստանի վարչատարածքային միավորների քարտեզներով, մեր պետության խորհրդանիշ հանդիսացող օրհներգով, զինանշանով: Իսկ ավազից պատրաստված Մեծ ու Փոքր Մասիսները գրավեցին թե́ մեծերի և թե́ փոքրերի ուշադրությունը:
 
Միջոցառմանը մի յուրօրինակ համ ու հոտ տվեցին պարերն ու երգերը, իսկ մասնակից աշակերտներին կրկնակի ուրախություն պատճառեց այն, երբ նրանց դեմքին նկարեցին եռագույնը, ոգևորվել էր հատկապես Պարույրը, որը կարծես ի ծնե հայրենասեր է, ունի իր սեփական անկյունը` դրոշների, զինանշանների հավաքածուով:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: