Նորություններ

Հայ հոգևոր և դասական երգի և երաժշտության երեկո «Գլոբուս» թատրոնում

Ուշագրավ 2014-04-16

Ապրիլի 13 և 14-ին Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում ներկայացվեց «Համերգ մոմի լույսի տակ. Արմանիա՝ հայկական երգի, պարի և բանաստեղծության ճամփաներով» խորագիրը կրող համերգային ծրագիրը: Միջոցառումը նախաձեռնվել էր Լոնդոնի «Հայ հիմնարկ» մշակութային կազմակերպության և «Գլոբուս» թատրոնի համատեղ ջանքերով ու ՄԹ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ծրագրի շրջանակներում հնչել են հայկական ժողովրդական, հոգևոր և դասական երգեր և երաժշտություն (Նարեկացի, Սայաթ Նովա, Եկմալյան, Կոմիտաս): Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին նաև հատվածներ ժամանակակից հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից:
 
Համերգին ելույթ ունեցան լոնդոնաբնակ հայտնի հայ երաժիշտներ՝ ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, տավիղահար Սևան Հորոքս-Հոփայանը, ինչպես նաև դերասան Քոլին Հըրլին: Վերջինս անգլերեն թարգմանությամբ ասմունքեց Զապել Բոյաջյանի, Սայաթ Նովայի, Հովհաննես Թումանյանի, Վահան Թեքեյանի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից: Երեկոյին հատուկ հմայք տվեց Հայաստանից հրավիրված «Դուդուկներ» խմբի ելույթը:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: