Նորություններ

«Մեծ Պահքի խորհուրդը» խորագիրը կրող միջոցառում թիվ 60 դպրոցում

Կրթական 2014-04-11

Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Մեծ Պահքի խորհուրդը» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառման կազմակերպիչն էր դպրոցի փոխտնօրեն, պատմության և Հայոց Եկեղեցու պատմության ուսուցչուհի Սոնա Դանիելյանը: Միջոցառման հյուրերն էին Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր սպասավոր, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի աշխատակից Ռուզաննա Առաքելյանը, Էրեբունի վարչական շրջանի Կրթության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Ի.Դավթյանի գլխավորությամբ:
Աշակերտները ներկայացրեցին Մեծ Պահքի կիրակիները, բեմականացրեցին Անառակ որդու վերադարձը» և "Տաս կույսերի մասին» առակները: Հնչեցին «Տեր Ողորմյա», «Սուրբ Աստված», «Քրիստոս հարյավ ի մեռելոց» շարականները (երաժշտության ուսուցչուհի Ա.Միրիջանյան):
 
Ս.Դանիելյանի այս նախաձեռնության նպատակն էր նպաստել աշակերտների հոգևոր,քրիստոնեական դաստիարակությանը: Ամբողջ միջոցառման ընթացքում կարմիր թելի նման անցնում էր այն գաղափարը,  որ. «Եթե Աստված մեզ հետ է, ապա տարբերություն չկա, թե ով է մեր դեմ»: Աշակերտները ընդգծեցին, որ Աստծուն մեզ աջակից ունենալու ամենահուսալի ճանապարհը սերն է,  սեր յուրաքանչյուր մարդու հանդեպ,  սեր՝ պարտավորեցնող և շրջապատը լուսավորող: 
 
Միջոցառման ավարտին երեխաները հորդորեցին հանդիսատեսին ըստ Ավետարանի խորհրդի մնալ լույսի մեջ՝ սիրելով իրար ոչ թե միայն խոսքերով, այլև գործով և ճշմարտությամբ: Ներկաները լսեցին Տեր Զգոնի պահպանիչ աղոթքը, դահլիճից հեռացան հոգևոր մեծ բավարարվածությամբ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: