Նորություններ

Յուստուս Ֆրանց. Արվեստը կամուրջներ կառուցելու համար է

Ուշագրավ 2014-04-11

Սպիտակի երկրաշարժի տարիներին հայությանն օգնության ձեռք մեկնած աշխարհահռչակ գերմանացի դիրիժոր Յուստուս Ֆրանցը, ով այժմ Հայաստանում է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ շատ ուրախ է մեր երկրում գտնվելու համար: Նա պատմեց, որ Հայաստանի մասին առաջին անգամ լսել է Արամ Խաչատուրյանից, այնուհետև արդեն լսելով 1988 թվականի երկրաշարժի մասին, սկսել է բարեգործական ծրագրեր իրականացնել՝ ի օգուտ աղետից տուժածների:
Նշենք, որ արվեստագետը մի քանի օրում ձեռնամուխ է լինում Գերմանիայում հատուկ համերգաշարի իրականացմանը և գոյացած շուրջ 100 հազար գերմանական մարկի չափով հասույթը փոխանցում է Հայաստան: Յուստուս Ֆրանցն ասաց, որ գնացել է այդ քայլին հատուկ վերաբերմունք ունենալով Արամ Խաչատուրյանի, հայկական մշակույթի նկատմամբ, ինչպես նաև՝ «անհնար էր չհուզվել այն տեսարաններից, որ եղան 1988 թվականի երկրաշարժի ժամանակ»:
 
Յուստուս Ֆրանցը հիմնել է նաև Ազգերի նվագախումբ, որի դիրիժորոն է մինչ օրս: Պատասխանելով հարցին, թե տարբեր ազգություններ ներգրաված լինելով նույն նվագախմբում, որոնց մեջ կարող են լինել նաև ազգամիջյան թշնամական հարաբերություններ, երբևէ խնդիրների չեն բախվե՞լ, դիրիժորն ասաց. «Շատ լուրջ խնդիրներ չեն եղել: Մի պատմություն եղավ. հայի և ադրբեջանցու միջև կոնֆլիկտ էր հասունանում: Պատերազմի շրջանում էր: Մի միջամտությամբ, հորդորով այն հարթվեց: Արվեստի մարդիկ չպետք է անեն այն, ինչ անում են քաղաքական գործիչները, քանի որ արվեստը միջոց է, որը պետք է կամուրջներ գցի»:
 
Անդրադառնալով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ համատեղ համերգին, որը տեղի է ունենալու ապրիլի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ նա նշեց, որ պետք է իսկապես հպարտ լինենք նման նվագախումբ ունենալու համար. «Երբ գալիս էի այստեղ, ակնկալիքներս շատ մեծ չէին, սակայն այժմ շատ ուրախ եմ, որ այս նվագախմբի հետ եմ ելույթ ունենալու»,- ասաց նա:
 
Նշենք, որ ավելի քան 40 տարի Յուստուս Ֆրանցը համաշխարհային հռչակ է վայելում և´ որպես դիրիժոր, և´ որպես դաշնակահար՝ հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր սրահներում կարևորագույն նվագախմբերի և երաժիշտների հետ: Յ. Ֆրանցի համաշխարհային ճանաչումը սկսվել է 1970թ., երբ նա՝ որպես դաշնակահար, հանդես եկավ դարի մեծագույն դիրիժորներից մեկի՝ Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ:
 
Աղբյուրը՝ nyut.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: