Նորություններ

Գործնական աշխատանք - դիտարկում Երևանի թիվ 141 հիմնական դպրոցում

Կրթական 2014-04-10

Երևանի Գր. Բաղյանի անվան 141 հիմնական դպրոցի 2-րդ «ա» դասարանում (դասվար՝ Ռ.Թադևոսյան) անցկացվեց գործնական աշխատանք (դիտարկում) «Տեխնոլոգիա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից:
Տեխնոլոգիա առարկայից դասի թեմաներն էին «Ցանք», «Ցանքի խնամքը», «Ջրի, ջերմության, լույսի դերը բույսի աճեցման ժամանակ», «Աճեցնել լոբի»: «Ես և շրջակա աշխարհը» առարկայից` «Ինչպիսին են բույսերը», «Բույսերի տեսակները՝ վայրի, սենյակային, մշակովի»:
 
Գործնական աշխատանքն սկսվեց դեպի մոտակա դպրոցական այգի կատարած էքսկուրսիայով: Աշակերտները կատարեցին դիտարկումներ: Դիտարկման արդյունքում նրանք պարզաբանեցին, որ բնության մեջ կան տարատեսակ բույսեր` ծառեր, թփեր, խոտաբույսեր: Նկատեցին, որ դրանք իրարից բավականին տարբերվում են: Ծառերն ունեն հաստ բուն, բարձր հասակ: Թփերը ծառերի համեմատ ավելի ցածր են, ունեն մի քանի բարակ, փայտացած բներ: Խոտաբույսի ցողունը բարակ է, փափուկ:
 
Աշակերտները դիտարկեցին նաև ծառերի բողբոջները: Դասարան վերադառնալիս նրանք պատրաստվեցին մշակովի բույսի՝ լոբու ցանքին: Աշակերտներն ունեին համապատասխան ամաններ, հող, լոբու սերմեր, ջուր: Սկզբում փխրեցրին հողը, ցանեցին 2-4 հատիկ սերմ: Ծածկեցին հողով և ջրեցին: Ապա որոշեցին սերմերով ամանների տեղը դասարանում՝ հաշվի առնելով լույսի, ջերմության նկատմամբ բույսի ունեցած պահանջները: 2 աման դրվեց առավել մութ անկյունում: 
 
2 օր հետ աշակերտները կատարեցին առաջին դիտարկումը. հողը չորացել էր, և նրանք թեթևակի ջրեցին այն: Հաջորդ դիտարկման ժամանակ նրանք գրանցեցին, որ հողի մակերևույթը ճաքել է, և երևում են առաջին ծիլերը: Արևոտ պայմաններում աճող ծիլերը առավել շուտ ձևավորվեցին և զարգացան: Իսկ մութ անկյունում ծիլերը շատ դանդաղ ծլեցին և լավ չզարգացան:
 
10 օրից, երբ լոբու մատղաշ շիվերը ձևավորվել էին, աշակերտները ջրեցին հողը և մեկ շիվ հանեցին հողից: Ակնառու երևում էին ձևավորված արմատը, զարգացող ցողունը, փոքրիկ ճյուղերը, տերևները: Բացատրվեց, որ լոբին մշակովի բույս է և սենյակային պայմաններում այլևս չի կարող նորմալ զարգանալ: Լոբու աճի համար անհրաժեշտ են այլ պայմաններ: 
 
Գործնական աշխատանք –դիտարկումը տևեց 19 օր: Աշակերտները կատարեցին եզրահանգումներ, իրենց դիտարկումների արդյունքները  գրանցեցին համապատասխան դիտարկման թերթիկների վրա:
 
Գործնական աշխատանքի գործընթացը ծառայեց իր նպատակին. աշակերտները յուրացրել էին թեմաները:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: