Նորություններ

Չեմպիոնների լիգա. «Բորուսիա» - «Ռեալ»՝ 2:0

Սպորտ 2014-04-09

Ապրիլի 9-ին ավարտվեց Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի՝ «Բորուսիա» - «Ռեալ» դիմակայությունը: Հանդիպումն ավարտվեց «Բորուսիայի» հաղթանակով՝ 2:0 հավշվով: Չնայած հաղթանակին, Դորտմունդի «Բորուսիան» դուրս մնաց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2013/2014 մրցաշարից: Մադրիդի «Ռեալը» 2 խաղերի արդյունքում առավելության հասավ 3:2 հաշվով:
Դորտմունդյան հանդիպման սկզբնամասը հարուստ չէր գոլային պահերով, իսկ 17-րդ րոպեին «Բորուսիայի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը չկարողացավ անվրեպ իրացնել «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան: Խաղի առաջին իրական գոլային պահն ունեցավ «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը, ով հարմար դիրքից չկարողացավ գրավել Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն այս անգամ խաղում էր ոչ թե ենթահարձակվողի դիրքում, այլ՝ աջ կիսապաշտպանի: 
 
Այնուամենայնիվ, դորտմունդցիներին հաջողվեց ընդմիջման գնալ հաշվի մեջ առջևում, այն էլ՝ 2 գոլի տարբերությամբ: Դաշտի տերերի կազմում 12 րոպեում դուբլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը, ում առաջին գոլում շատ օգնեց մադրիդցիների պաշտպան Պեպեի անվստահ խաղը:
 
Ընդմիջումից հետո «Ռեալը» կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կորցրեց 100 տոկոսանոց գոլային պահ: Քիչ անց Հենրիխ Մխիթարյանը կարող էր խփել Յուրգեն Կլոպի թիմի երրորդ գոլը, բայց Իկեր Կասիլյասին շրջանցելուց հետո չգրավեց գրեթե դատարկ դարպասը: Հաջորդ գրոհում Հենրիխը դարձյալ հայտնվեց հարվածային դիրքում, բայց այս անգամ էլ վստահ գործեց Կասիլյասը: Դորտմունդցիներն այդպես էլ չկարողացան խփել երրորդ գոլը և պայքարը լքեցին բարձր գլխով:
 
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանության արդյունքում:
 
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ
 
«Բորուսիա» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:3)
 
Մարկո Ռոյս, 24, 37
Չիրացված 11 մետրանոց՝ Անխել Դի Մարիա, 17 («Ռեալ»)
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: