Նորություններ

Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ 2014-04-07

Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում 75 կիլոգրամ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեկիրկինն էր:
Առաջին մրցափուլում ռուս ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով, իսկ երկրորդում Հայաստանի ներկայացուցիչը հավաքեց 3 միավոր, սակայն ավելին անել չհաջողվեց: Այսպիսով, Ա. Ջուլֆալակյանը 3:4 հաշվով պարտվեց ռուս Ալեքսանդր Չեխիրկինին և դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2014թ. փոխչեմպիոն:
 
Հիշեցնենք, որ աշխարհի 2013թ. առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից և, հաղթելով խորվաթ Նևեն Զուգաջին (6:0), ավստրիացի Ֆլորիան Մարչլին (8:0), շվեդ Ռոբերտ Ռոսենգերենին (5:0) ու դանիացի Մարկ Մադսենին (2:2), հնարավորություն էր ստացել պայքարել ոսկե մեդալի համար:
 
Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 6-ին, պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները մեդալներ չէին նվաճել: 71 կգ քաշային Վարշամ Բորանյանն մեկնարկային փուլում պարտվել էր բելառուս Ալեքսանդր Ձեմյանովիչին, 80 կգ քաշային Հրաչյա Հովհաննիսյանը լատվիացի Ցեսլավս Բեստենիսին ու ավստրիացի Միշել Վագներին հաղթելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել էր վրացի Գիորգի Ցիրեկիձեին, իսկ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն առաջին գոտեմարտում հունգարացի Վիկտոր Լորենցից ուժեղ գտնվելուց հետո 1/4 եզրափակիչում պարտվել էր գերմանացի Յան Ֆիշերին:
 
Ուկրաինան ներկայացնող 71 կգ քաշային Արմեն Վարդանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց 0:8 հաշվով:
 
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 մեդալով: Ապրիլի 5-ին ոսկե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ով երրորդ տարին անընդմեջ հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:
 
Այսպիոսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը Վանտաայում նվաճել էր 3 մեդալ՝ մեկ արծաթե և 2 բրոնզե:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: