Նորություններ

Չեմպիոնների լիգա. «Ռեալ» - «Բորուսիա»՝ 3:0

Սպորտ 2014-04-03

Ս. թ. ապրիլի 2-ին մեկնարկեց Չեմպիոնների լիագայի ¼ եզրափակչի՝ «Ռեալ» - «Բորուսիա» դիմակայությունը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում և ավարտվեց իսպանական ակումբի հաղթանակով՝ 3:0 հաշվով:
«Ռեալը» չափազանց ակտիվ սկսեց Մադրիդում կայացած խաղը և արդեն երրորդ րոպեին Գարեթ Բեյլի գոլի շնորհիվ բացեց հաշիվը: Հանդիպման մեկնարկում մադրիդցիների ճնշումն այնքան մեծ էր, որ «Բորուսիան» մոտ 20 րոպե չէր կարողանում ուշքի գալ: 27-րդ րոպեին իսպանացի Իսկոն կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը:
 
Ընդմիջումից հետո առանց Ռոբերտ Լևանդովսկու խաղացող դորտմունդցիները կերպարանափոխվեցին և երկրորդ խաղակեսի սկզբնամասում կարող էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն բաց թողեցին իրական գոլային պահ, իսկ այդ գրոհը եզրափակվեց Մխիթարյանի շեղ հարվածով:
 
Քիչ անց հյուրերի պաշտպանների սխալի հետեւանքով հարվածային դիրքում հայտնվեց «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով չներեց Յուրգեն Կլոպի թիմին՝ երրորդ գնդակն ուղարկելով Ռոման Վայդենֆելերի պաշտպանած դարպասը: Այդ գոլից քիչ անց դարձյալ լավ դիրքում հայտնվեց Հենրիխ Մխիթարյանը, ում հաջող հարվածել թույլ չտվեց «Ռեալի» պաշտպան Պեպեի սահանկումը: 
 
64-րդ րոպեին Հենրիխը փոխարինվեց, իսկ խաղի վերջնամասում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, թեև 2 թիմերն էլ ունեցան գոլային պահեր:
 
Տեղեկացնենք, որ պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 8-ին Դորտմունդում:
 
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ
 
«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 3:0 
 
Գարեթ Բեյլ, 3, Իսկո, 27, Կրիշտիանու Ռոնալդու, 57
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: