Նորություններ

Իսպանիայում գտել են սուրբ Գրաալը

Ուշագրավ 2014-04-02

Իսպանացի պատմաբանները պնդում են, որ Լեոն քաղաքի բազիլիկում գտնվել է քրիստոնեական ամենագլխավոր սրբություններից մեկը` Գրաալը՝ գավաթը, որից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինի է խմել Հիսուսը և որի մեջ խաչելությունից հետո հավաքվել է նրա արյունը:
Պատմաբաններ Մարգարիտա Թորեսը և Խոսե Օրտեգա Դել Պիոն պնդում են, որ մասունքի մասերը եռամյա որոնումներից հետո հայտնաբերել են հաղորդության միջնադարյան գավաթի մեջ, որ պահպանվում է Լեոնի Սուրբ Իսիդոր բազիլիկում: Թորեսը և Դել Պիոն սկզբում ուսումնասիրել են բազիլիկի մահմեդական մասունքները:
 
Որոնումների թեման փոխել են, երբ արխիվում գտել են եգիպտական մագաղաթներ, որտեղ հիշատակվում է սուրբ Գրաալը: Մագաղաթների հիման վրա պատմաբանները կարողացել են վերականգնել սուրբ Գրաալի տեղաշարժը մեր թվարկության առաջին հազարամյակում:
 
Գավաթը երկար ժամանակ պահպանվել է Պաղեստինի քրիստոնեական համայնքներում, հետո մահմեդականները տարել են Եգիպտոս, որտեղից 1054 թ. Կահիրեի խալիֆ Ֆաթիմին գավաթը ընծայել է Իբերիական թերակղզու էմիր Դենիին, ով երաշտի ժամանակ պարենով օգնել էր Եգիպտոսին: Ռեկոնկիստայից հետո գավաթը հանգրվանել է Լեոնում, վերածվել հաղորդության գավաթի և անվանվել է Կաստիլիայի թագուհու ՈՒռակիի գավաթ, որ ապրել է XII դարում: Վերջին կես դարում գավաթը ցուցադրվել է Լեոնի թանգարանում: Թորեսն ու Դել Ռիոն ասել են, որ ածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ գավաթը իրականում ստեղծվել է մ.թ.ա. 200-ից մ.թ.100 թթ., նրանք ընդունում են, որ այլևս հնարավոր չէ պարզել՝  հպվել են գավաթին Հիսուսի շուրթերը, թե ոչ:
 
Վերջին ժամանակներում 200 անգամ հայտարարվել է, որ Գրաալի գավաթը գտնվել է: Իբրև սուրբ Գրաալ Վատիկանն ընդունում է Վալենսիայիի տաճարում պահվող գավաթը: Առասպելն ասում է, որ Գրաալի գավաթից ըմպողը դարերի ապաշխարանք կամ հավիտենական կյանք կստանա:
 
Աղբյուրը՝ news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: