Նորություններ

Աշխարհի Գավաթ. հայ մարմնամարզիկները դարձել են ոսկե ու արծաթե մեդալակիրներ

Սպորտ 2014-03-29

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մարտի 25-ից 30-ը Դոհայում (Քաթար) մասնակցում է Աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքական թիմը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ, մրցատեղի է մեկնել դեռևս մարտի 15-ին, որտեղ 10-օրյա ուսումնամարզական հավաքից հետո մեկնարկել է Աշխարհի գավաթի խաղարկությունը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 37 երկրի 136 մարզիկ-մարզուհիներ: Դոհայում Հայաստանը ներկայացնում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը:
 
Արդեն կայացել է նժույգաթափեր և օղակներ մրցաձևերի եզրափակիչները: Հայ մարմնամարզիկները որակավորման փուլից հետո շարունակել են փայլուն ելույթները՝ արդեն եզրափակչում: Նժույգաթափերում 15, 475 միավորով լավագույնն է ճանաչվել Հարություն Մերդինյանը՝ Աշխարհի գավաթի 2014թ խաղարկությունում 1-ին ոսկե մեդալը պարգևելով Հայաստանի հավաքականին: 
 
Երկրորդ ոսկե մեդալը երկար սպասեցնել չտվեց: Օղակներում Արթուր Թովմասյանը 15, 575 միավորով դարձավ ոսկե մեդալակիր: Այս մրցաձևում ի ուրախություն մեզ պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին կանգնեց Վահագն Դավթյանը՝ 15, 425 միավորով նվաճելով արծաթե մեդալ:
 
Նշենք, որ հայ մարմնամարզիկները իրենց հաջող ելույթները սկսել են որոկավորման փուլից: Արթուր Դավթյանը հենացատկ մրցաձևում իր բոլոր մրցակիցներին գերազանցել է ու 15,175 միավորով զբաղեցրել է առաջին տեղը: Հաջող ելույթ է ունեցել նաև փորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը: Մերդինյանը նժույգաթափում 15,45 միավորով գերազանցել է բոլոր մրցակիցներին:
 
Մարմնամարզիկների փայլուն ելույթները շարունակել են Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը, ովքեր լավագույնն են եղել օղակների վրա: Թովմասյանը 15,75 միավորով գրավել է առաջին տեղ, Դավթյանը՝ 15, 45 միավորով 2-րդ:
 
Մեզ մնում է միայն շնորհավորել հայ մարմնամարզիկներին ու հաջողություն մաղթել:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: