Նորություններ

Ջուջևան գյուղի կենտրոնական փողոցն անվանակոչվել է Ռուբեն Սևակի անունով

Ուշագրավ 2014-03-24

Իր հրաշակերտ բնաշխարհով հայտնի Տավուշի մարզի Ջուջևան գյուղի կենտրոնական փողոցն անվանակոչել հայ մեծանուն բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի անունով: Այս որոշումն ընդունվել է օրերս համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանի նախագահությամբ կայացած ավագանիների խորհրդի արտահերթ նիստում:
Երևանի թիվ 151 դպրոցը Ռուբեն Սևակի անունով կոչելուց հետո (1994թ.), թերևս սա երկրորդ անվանակոչությունն է, որ կապվում է 1915 թվականին թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակի (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) անվան հետ: Ռուբեն Սևակը ձերբակալվել և աքսորի ճանապարհին նահատակվել է այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:
 
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու նպատակով, այս օրերին տեղի ունեցող հիշատակման միջոցառումների շարքին է դասվում նաև ջուջեւանցիների այս նախաձեռնությունը, որպես հարգանքի տուրք, ոգեկոչում՝ անվանի հայորդու հիշատակին:
 
Ջուջևան գյուղի այս փողոցին հարակից լինելու է նաև Ռուբեն Սևակին նվիրված գողտրիկ մի պուրակ: Նախաձեռնության հեղինակները Ռուբեն Սևակի տոհմակիցներն են, որոնք տասնիններորդ դարում եղել են Ջուջևան գյուղի առաջին վերաբնակեցնողները: 
 
Աղբյուրը՝ www.aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: