Նորություններ

Ցուցահանդես՝ «Քոչարի արևելուհիները» խորագրով

Ուշագրավ 2014-03-14

Երվանդ Քոչարի թանգարանից տեղեկացնում են, որ այսօր՝ մարտի 14-ին, թանգարանում բացվելու է «Քոչարի արևելուհիները» խորագրով ցուցահանդես:
2013թ. հոկտեմբերի 22-ին Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում. Պոմպիդու կենտրոնում բացվել էր «Modernités Plurielles» («Մոդեռնի բազմազանությունը») ցուցահանդեսը. նոր և ընդլայնված մեկնաբանությամբ ներկայացվել է 1905-1970թթ. համաշխարհային մոդեռն արվեստը: Տարբեր երկրներում ապրած և ստեղծագործած արվեստագետներ ցուցադրվել են իրենց բնորոշ գեղագիտություններով, ինչը հնարավորություն էր տվել ծանոթանալու 1905-1970թթ. կերպարվեստի տարազան արտահայտչաձևերին: Այս ցուցահանդեսում ներառված է եղել նաև Երվանդ Քոչարի «Արևելուհիները» գեղանկարը, որը 1938 թ. ձեռք էր բերվել Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի կողմից:
 
Փարիզյան ցուցադրությունում ընդգրկված են եղել 47 երկրների 1000 արվեստագետներ. այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Պիկասսոն, Լեժեն, Միրոն, Կանդինսկին, Պիկաբիան, Մասոնը, Տատլինը, Մալևիչը և ժամանակի այլ հսկաներ: Ներկայացված են եղել գեղանկար, գրաֆիկ, քանդակ ստեղծագործություններ, լուսանկարչական, դիզայնի, ճարտարապետական հորինվածքներ: Ցուցահանդեսին փակ բացմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վ. Չիտեջյանը, մշակութային հարցերի պատասխանատու Վ. Վահրամյանը, Ե. Քոչարի թանգարանի տնօրինությունը:
 
«Modernités Plurielles» ցուցադրությունում ներկայացված հանրաճանաչ արեստագետների հետ Քոչարը 1923-1936 թթ. Փարիզում մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների. Քոչարի թանգարանում ներկայացված են դրանց աֆիշները, հրավիրատոմսերը, կատալոգները և Ավանգարդի մեծերի հետ առնչությունների մասին վկայող այլ արժեքավոր փաստաթղթեր:
 
19-րդ դարի սկզբին Եգիպտոսի գրավումը խթանել է օրիենտալիզմի զարգացումը Եվրոպայում, բացահայտվել են Արևելքի նոր գաղտիքներ և առեղծվածներ, որոնցից ամենագայթակղիչը հարեմն էր` դրախտի մասին երազի մարմնացումն աշխարհի վրա… Եվրոպացի արվեստագետներն իդեալականացնում էին այդ անծանոթ և շատ առումներով փակ աշխարհը:
 
Քոչարը նույնպես անդրադարձել է այս թեմային: Հրապուրված արևելուհիների հմայքով՝ նա ստեղծել է կանանց կերպարների սքանչելի շարք: Դրանք այսօր արտասահմանյան մասնավոր հավաքածուներում են:
 
«Քոչարի արևելուհիները» ցուցահանդեսում ներկայացվում են այդ ստեղծագործությունների բարձրարժեք վերատպությունները: Ցուցադրությունն ուղեկցվելու է մեկնաբանող տեքստերով և տեսաֆիլմով:
 
Նշենք նաև, որ այն բաց կլինի մինչև ապրիլի 15-ը:
 
Աղբյուրը՝ panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: