Նորություններ

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը պարտվեց Անանդին

Սպորտ 2014-03-14

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն սևերով 47-րդ քայլում պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին:
«Այսօր թերագնահատեցի սպիտակների հնարավորությունները։ Ուժեղ քայլեր փնտրելու փոխարեն տարբեր փորձարկումներ էի անում և եթե խնդիրս լիներ միայն մեկ մրցակիցն այս մրցաշարում, ապա կնախապատրաստվեի այդ պարտիային։ Սակայն այստեղ շատ են ուժեղ գրոսմայստերները, և հարկավոր է նախապատրաստվել բոլոր մրցակիցների հետ խաղերին։ Այդ պատճառով կարծում եմ, որ հարկավոր է պատրաստվել ընդհանուր առմամբ, հասկանալ, թե ինչ խնդիր ունի յուրաքանչյուր մրցակիցը:
 
Չի կարելի կորցնել զգողնությունը, քանի որ առջևում դեռ շատ մրցակիցներ և տուրեր կան։ Առաջին անգամ չէ, որ պարտվում եմ մեկնարկային տուրերում, այդ պատճառով սովոր եմ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի լավ եմ սկսում խաղալ մեկ անգամ պարտվելուց հետո։ Սակայն քանի որ սա լուրջ մրցաշար է, ապա հարկավոր է սկսել դա անել որքան հնարավոր է շուտ։
 
Չեմ խաղացել փետրվարին, և դա շատ լավ է, քանի որ ո՛չ շատ հոգնած եմ, ո՛չ էլ հանգիստ։ Արդարության համար հարկավոր է նշել, որ մրցակիցներից ոչ ոք չի խաղացել փետրվարին։ Երբ հնարավորություն ունես խաղալու ուժեղագույն շախմատիստների հետ, ապա յուրաքանչյուրի համար դա տոն է և մեծ փորձ։ Ինձ հետ է բժիշկը, ով օգնում է ինձ և ամբողջ թիմին։ Նաև երկու օգնականներ կան»,- ասել է ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լևոն Արոնյանը։
 
Հիշեցնենք, որ մարտի 14-ին կայանալիք երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Ըստ բուքմեյքերների՝ հայ գրոսմայստերը հավակնորդների մրցաշարի հաղթողի գլխավոր ֆավորիտն է: Այս մրցաշարի հաղթողն աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ կհանդիպի համաշխարհային թագի համար մրցամարտում:
 
Աղբյուրը՝ sport.news.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: