Նորություններ

Կապանում կստեղծվի էլեկտրոնային գրադարան

Ուշագրավ 2014-03-13

Սյունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Կապանում արդեն մեկնարկել են առաջին էլեկտրոնային գրադարանի հիմնադրման աշխատանքները:
«Էլեկտրոնային գրադարան» դրամաշնորհային ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել 4 ամսվա ընթացքում:
 
Ծրագրի նպատակն է «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի թիվ 1 մանկական գրադարանի բազայի վրա էլեկտրոնային սարքավորումների ներդրմամբ նպաստել համայնքի գրադարանային ծառայությունների որակի բարելավմանը: Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ որոշ մասնագիտական գրքեր գրադարանում ընդամենը 1-2 օրինակ են և կան արժեքավորները, որոնք մաշվածության պատճառով գրադարանից հանել հնարավոր չէ: Նախատեսվում է նմանատիպ գրքերի թվայնացում և խմբավորում համակարգչի մեջ, որպեսզի դրանք հասանելի լինեն բոլորին:
 
Նորաբաց գրադարանում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի համապատասխան էլեկտրոնային սարքավորումների, համակարգիչների միջոցով, բարձր մակարդակով և որակով իրականացվի ընթերցողների սպասարկումը, որոնց հնարավորություն կտրվի օգտվելու ոչ միայն տեղի գրքային ֆոնդից, այլև էլեկտրոնային կապի միջոցով` նաև այլ գրադարանների էլեկտրոնային փաթեթներում գտնվող գրքային ֆոնդերից:
 
Ժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկում ապահովելու համար կվերապատրաստվեն գրադարանի աշխատակիցները:
 
Գրադարանի այցելուները հնարավորություն կունենան օգտվելու համակարգիչներից, ինտերնետից, էլեկտրոնային տարբեր գրադարաններից, աուդիոգրքերից և այլն: Այս հնարավորությունները թույլ կտան գրադարանում կազմակերպելու բաց դռներ, կինոդիտումներ, հանդիպումներ և այլն:
 
Գրադարանը մատչելի կլինի նաև ամենափոքր տարիքի ընթերցողներին, որոնց համար կկազմակերպվեն նաև տրամաբանական խաղեր: Մայրաքաղաքի և այլ գրադարանների արխիվներից էլեկտրոնային տարբերակով օգտվելու համար Կապանի էլեկտրոնային գրադարանը կանդամակցի Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (ՀԷԳԿ):
 
Աղբյուրը՝ syunik.gov.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: