Նորություններ

Կենտրոնական գրադարանում բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժին

Ուշագրավ 2014-03-11

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մարտի 10-ից ապրիլի 10-ը մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը:
Բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ գրադարանի հարկի տակ «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի բացումը լավ նվեր է հատկապես ֆրանսալզու ընթերցասեր հասարակայնության և ֆրանսերենը նոր ուսումնասիրել պատրաստվողների համար, ովքեր բնօրինակով ֆրանսերեն անընդհատ թարմացվող գեղարվեստական և մասնագիտական գրականություն ընթերցելու լայն հնարավորություն կունենան: Քաղաքապետի տեղակալը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտապես աջակցել կրթամշակութային օջախներին:
 
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը իր գոհունակությունն է հայտնել Երևանի քաղաքապետարանին մշտական աջակցության համար և համոզմունք հայտնել, որ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ կլինի:
 
Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հայաստանում տրվել էր նախօրեին ֆրանսիական ճանաչված երգչուհի Պատրիսիա Կաասի՝ «Կաասը երգում է Պիաֆ» խորագիրը կրող համերգով:
 
Մարտի 9-ից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ողջ Հայաստանում տեղի կունենան ավելի քան 400 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, բուհական և դպրոցական միջոցառումներ:
 
Աղբյուրը՝ panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: