Նորություններ

«Գարնանային տրամադրություն» խորագիրը կրող ցուցահանդես՝ նվիրված կանանց միջազգային տոնին

Ուշագրավ 2014-03-06

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայաստանի ժողովրդական վարպետ, ՌԴ արվեստի պալատի անդամ Օլգա Հակոբյանի «Գարնանային հավաքածու» խորագրով ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց միջազգային օրվա և մայրության ու գեղեցկության տոներին:
Շատերն են դժվարանում որևէ անուն տալ Հայաստանի ժողովրդական վարպետ, Արհեստների Մոսկովյան պալատի, Ռուսաստանի նկարիչների միության և Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Օլգա Հակոբյանի ձեռքի աշխատանքներին:
 
Ցուցահանդեսի պաշտոնական խորագիրը «Գարնանային տրամադրություն» է: Ցուցադրված են «Անկառս-ֆրիվոլտե» կոչվող տեխնիկայի միջոցով թելերով և ուլունքներով հյուսված ականջօղեր, ապարանջաններ, գլխարկներ, մատանիներ, զարդաքորոցներ, ընդհանուր առմամբ 200 ձեռակերտ աշխատանքներ: Ուլունքագործն օգտագործում է հիմնականում բնական, թանկարժեք և կիսաթանկարժեք, այդ թվում «Սվարովսկի» կոչվող քարատեսակներ և ակնաքարեր:
 
«Օլգան այս ամենի մեջ հոգի է դնում, գաղափար ու ներկայացնում անկրկնելի գեղեցկություն»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Օլգա Հակոբյանի գործընկերուհի Անժելա Նազարեթյանը:
 
Օլգա Հակոբյանն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված են 15 տարվա ընթացքում արած իր աշխատանքները: «Այս զարդերը ես չեմ վաճառում, միայն ցուցադրում եմ ու նվիրում ընկերուհիներիս: Գիշեր-ցերեկ աշխատում եմ: Հոգիս եմ ներդնում ամեն մի աշխատանքում և ավարտելուց հետո, ինչպես սեփական երեխայի, համբուրում ու մի կողմ եմ դնում»,- ասաց արվեստագետը:
 
Ներկայացված զարդեղենը տարբեր ոճի են. կարելի է գրել աշխատանքի ժամանակ, երեկոյան հավաքույթներում:
 
Ցուցահանդեսին ներկաները միայն մեկ բան էին ասում. «Հնարավոր չէ անտարբեր անցնել այս ամենի կողքով»: ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի կինն էլ նման դիտարկում արեց. «Հայերի մեջ շատ են տաղանդավորները»:
 
Նշենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 7-ը:
 
Աղբյուրը՝ panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: