Նորություններ

Կայացավ շախմատի Եվրոպայի 15-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը

Սպորտ 2014-03-03

Մարտի 2-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ շախմատի Եվրոպայի 15-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Առաջնությունը նվիրված է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին:

Բացման արարողության ժամանակ ցուցադրվեց ֆիլմ, որը պատմում էր Պետրոսյանի մասին: Այնուհետև ցուցադրվեց գեղեցիկ ներկայացում:

Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Հայաստանը միշտ եղել է շախմատի զարգացման կենտրոն: Երբ շրջում ես աշխարհով, տեսնում ես, թե որքան բարձր են գնահատում շախմատի սովետական դպրոցը, Տիգրան Պետրոսյանի դպրոցը: Այս տարի կլրանար Տիգրան Պետրոսյանի 85-ամյակը և այս առաջնությունը նվիրված է նրան: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպայի շախմատի ասոցիացիային՝ կազմակերպչական լավ աշխատանքի համար: Բոլոր մասնակիցները հաղթելու հնարավորություն ունեն: Հաջողություն ենք մաղթում բոլորին:

Պատահական չէ, որ այս փոքրիկ երկիրը երեք անգամ նվաճել է շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Մեծ հաջողություն է նաեւ այն, որ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում երկրորդն է: Կարևոր է նաև, որ շախմատը Հայաստանում համարվում է ազգային խաղ: Պատահական չէ, որ Հայաստանը առաջին պետությունն էր, որ շախմատն ընդգրկեց դպրոցական ծրագրում՝ որպես դասավանդվող առարկա: Ահա այս բոլորը միասին նպաստում են շախմատի Հայաստանի հավաքականի հաջողություններին»,- ասաց Կիրսան Իլյումժինովը:

Իլյումժինովը ավելացրեց նաև, որ 10 օրից Խանտի Մանսիսկում մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որտեղ պայքարի մեջ կմտնեն աշխարհի 8 ուժեղագույն գրոսմայստերները՝ մրցելով շախմատային թագի հավակնորդ դառնալու համար: Շատ մասնագետներ նշում են, որ մրցաշարը լինելու է հետաքրքիր ու մարտական:

«Օգտվելով Հայաստանում գտնվելու առիթից, Լևոնին հաջողություն եմ մաղթում և, ամենակարևորը, ցանկանում եմ լավ խաղ, որպեսզի չանհանգստանա, հոգեպես տրամադրվի և հեռավոր Խանտի Մանսիսկում իրեն զգա ինչպես իր տանը: Իհարկե, ցանկանում եմ նաև, որ տարեվերջում շախմատային թագը վիճարկեն երկու ուժեղագույն շախմատիստները»,- հավելեց ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: