Նորություններ

Չեմպիոնների լիգա. «Զենիթ» - «Բորուսիա»՝ 2:4

Սպորտ 2014-02-26

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի փոխչեմպիոնը` Դորտմունդի «Բորուսիան», Սանկտ Պետերբուրգում 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ ռուսական «Զենիթի» նկատմամբ:
«Բորուսիան» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:
 
Խաղի մեկնարկը չափազանց հաջող էր Յուրգեն Կլոպի թիմի համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին հյուրերն ունեին 2 գոլի առավելություն: Չորրորդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը, իսկ մեկ րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մասնակցեց նաև դորտմունդցիների երկրորդ գոլային գրոհին, որը եզրափակեց Մարկո Ռոյսը՝ կրկնապատկելով «Բորուսիայի» առավելությունը: Բաց թողած գոլերից հետո պետերբուրգցիները երկար ժամանակ չէին կարողանում ուշքի գալ, իսկ գերմանացիներն առաջին խաղակեսում ունեցան ևս մի քանի գոլային պահեր, որոնք չկարողացան արդյունավետ օգտագործել:
 
Ընդմիջումից հետո «Զենիթն» ավելի հաճախ էր գրոհում, և 57-րդ րոպին ռուս կիսապաշտպան Օլեգ Շատովի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը 4 րոպե անց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խփեց «Բորուսիայի» երրորդ գնդակը: Քիչ անց դարձյալ աչքի ընկան պետերբուրգցիները, որոնց կազմում 11 մետրանոցն անվրեպ իրացրեց բրազիլացի Հալկը, բայց այս դեպքում ևս հյուրերի պատասխանը չուշացավ:
 
71-րդ րոպեին Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին: Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 70-րդ րոպեին՝ մեծ ծավալի աշխատանք կատարելուց հետո խաղադաշտում տեղը զիջելով գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:
 
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 19-ին Դորտմունդում:
 
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ  
 
«Զենիթ» (Ռուսաստան) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 2:4
 
Օլեգ Շատով, 57, Հալկ, 69 (11մ.) – Հենրիխ Մխիթարյան, 4, Մարկո Ռոյս, 5, Ռոբերտ Լևանդովսկի, 61, 71
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: