Նորություններ

Շախմատի Եվրոպայի առաջնությունը նվիրվելու է Տիգրան Պետրոսյանի հիշատակին

Սպորտ 2014-02-25

Մարտի 2-15-ը Երևանում անցկացվելու է շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Այս տարի լրանում է Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը:
Բացման արարողությունը կկայանա մարտի 2-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սկիզբը` ժամը 21:00-ին: Խաղերը կկայանան «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում մարտի 3-15-ը: Սկիզբը` ժամը 15:00-ին, վերջին տուրը` 14:00-ին: Մարտի 9-ը հանգստյան օր է:
 
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցաշարին մասնակցում են 27 երկրների մոտ 270 շախմատիստներ, այդ թվում` շուրջ 130 գրոսմայստերներ: Միջազգային կոչումներ ունեցող մասնակիցների թիվն անցնում է 200-ից:
 
Ամենամեծ թվով մասնակիցներ ներկայացնում են Հայաստանը (մոտ 80), Ռուսաստանը (53), Վրաստանը (17), Իսրայելը (17), Ուկրաինան (13), Թուրքիան (10):
 
Առաջին 23 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու Աշխարհի գավաթին:
 
Մրցանակային հիմնադրամը կազմում է 160 հազար եվրո: Սահմանված են 25 հիմնական և 15 հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակակիրը կստանա 20 հազար եվրո: Միավորների հավասարության դեպքում մրցանակները բաժանվում են հավասարապես:
 
Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը (Հայաստան): Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը (Հայաստան), անդամները` գրոսմայստեր Գեորգի Գիորգաձեն (Վրաստան) և միջազգային կարգի մրցավար Գենադի Նեսիսը (Ռուսաստան):
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: