Նորություններ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը նվիրվելու է Արմեն Տիգրանյանի 135-ամյակին

Ուշագրավ 2014-02-14

2014թ. ապրիլի 10-19-ը Գյումրի քաղաքում տեղի կունենա երաժիշտ–կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնը: «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ից հայտնում են, որ այն կնվիրվի Արմեն Տիգրանյանի 135-ամյակին:
«Վերածնունդ» փառատոնի շրջանակներում երաժշտական մրցույթները կանցկացվեն ապրիլի 11-17-ը` Գյումրի քաղաքում: Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ՝ 12 միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր, Արկանզասի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Մարգուլիսը, 8 միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Միխայիլ Մորդվինովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Լեվ Եվգրաֆովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Զուրապ Սոտկիլավան, հանրաճանաչ կոմպոզիտոր ևերաժշտագետ Եվգենի Կոստիցինը (ԱՄՆ), ճանաչված դիրիժոր Բարդիա Կիարասը (Իրան) և այլոք: Մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու մշակույթների երկխոսություն. «Համաշխարհային մշակույթը և Հայաստանը» ութերորդ գիտաժողովը, ինչպես նաև տարբեր երկրների կոնսերվատորիաների ռեկտորների հանդիպում:
 
Ըստ կազմկոմիտեին ներկայացված հայտերի երաժշտական մրցույթներին մասնակցելու են 2700 երաժիշտ կատարող՝ 33 երկրներից:
 
Մրցույթներն անցկացվում են 11 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով:
 
Իրենց անվանակարգերում բացարձակ 11 հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի և 1000 ԱՄՆ դոլար պարգևավճարի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգի մեդալների, դիպլոմների և «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման:
 
«Վերածնունդ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ փառատոնի հանդիսավոր բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին Գյումրու դրամատիկական թատրոնում, իսկ հաղթողների մրցանակաբաշխությունը և գալա համերգը տեղի կունենա ապրիլի 18-ին:
 
Գյումրու Երաժշտական կյանքի վերածնունդը խորհրդանշող իրադարձություններից մեկը՝ երաժիշտ կատարողների «Վերածնունդ» փառատոնը սկիզբ է առել 2007թ.:
 
Մրցույթ փառատոնի հիմնական նպատակն է նպաստել դասական երաժշտության պրոպագանդմանը, ստեղծել տարբեր ազգերի երաժիշտ–կատարողների միջև նոր ստեղծագործական և բարեկամական կապեր, մերձեցնել այլազգի արվեստագետներին հայ մշակույթին, միևնույն ժամանակ, ընձեռել հնարավորություն` իրենց վարպետությունն ու ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: