Նորություններ

Հայ օլիմպիականները` Սոչիի օլիմպիական ավանում

Սպորտ 2014-02-11

Ըստ Հայաստանի պատվիրակության անդամների, 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը Սոչիում կազմակերպվածության առումով գրեթե ամենալավն են:

Հայաստանի պատվիրակությունն ապրում է օլիմպիական ավանում, որը գտնվում է լեռնային հատվածում: Հայերը բնակվում են Սլովակիայի, Սլովենիայի, Գերմանիայի հարևանությամբ՝ մեկ առանձին տանը, ղեկավարությունից անջատ: Նույն տնում բնակվում են մարզիկներն ու մարզիչները: Մարզիկներին հատկացված բնակարանը բաղկացած է երեք սենյակից, որից մեկում տեղավորվել է Հայաստանի միակ կին օլիմպիական՝ դահուկորդ Կատյա Գալստյանը, մյուս երկու սենյակներում տեղավորվել են մարզիկներն ու մարզիչները:

 
Դահուկավազքի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանն ասաց, որ բոլոր հարմարությունները մարզիկների համար ստեղծված են:
 
«Ամեն ինչ հրաշալի է, պայմանները ստեղծված են մարզիկներին լավ մարզավիճակում պահելու համար՝ մարզադահլիճ, լողավազան, հատուկ ճաշարան՝ հատուկ սննդակարգով, հարմարավետ ննջասենյակներ, հանգստի կետեր, զվարճանքի վայրեր, վարսավիրանոց: Ոչինչ չեն մոռացել կազմակերպիչները: Մեզ հետ միասին միայն չեն բնակվում Արման Սերեբրակյանն ու նրա մարզիչը: Նրանք առանձին այլ տանն են բնակություն հաստատել: Այստեղից շատ հեշտ է լեռներ բարձրանալը, տրանսպորտն էլ մեզ տրամադրել են»,- ասաց Սլավիկ Սարգսյանը:
 
Օլիմպիական ավանում ամենամեծը Ռուսաստանի պատվիրակության տունն է: Ավանի կենտրոնական հրապարակում գործում է նաև մեծ բացօթյա լողավազան տաք ջրով:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: