Նորություններ

Հեռու պահեք երեխաներին որոշ մուլտֆիլմերի վնասակար ազդեցությունից

Ուշագրավ 2014-02-06

Ըստ իրականացրած հարցումների, Հայաստանում ամենապահանջված մուլտֆիլմերն են համարվում «Մաշան և արջը», «Մադագասկար», «Շրեկ», «Քաջ Նազար», «Ձախորդ Փանոսը» և այլն: Չնայած այդ մուլտֆիլմերը շատ են ցուցադրվում հեռուստատեսությամբ, տեղակայված են նաև համացանցում, միևնույն է՝ սկավառակների պահանջարկը ևս շատ մեծ է: Մուլտֆիլմեր հիմնականում գնում են 3-ից 12 տարեկան երեխաները, 6-ից բարձրերը՝ նաև առանց ծնողների օգնության:
Շատ ծնողների, այսօր խուսափում են գնել կամ թույլատրել երեխաներին դիտել «Սարդ մարդը», «Սուպերմենը», քաի որ շատ է պատահել, որ երեխաները փորձել են կրկնօրինակել մուլտերի հերոսներին՝ շենքից կամ որեւէ այլ բարձր վայրից ցած նետվելով, արդյունքում միայն վնաս են պատճառել իրենց:
 
Հոգեբանների կարծիքով, ցանկացած երևույթ, այդ թվում՝ մուլտֆիլմերն, ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն, այդ իսկ պատճառով ծնողներին օրվա մեծ մասը երեխաների համար ոչ թե պետք է մուլտեր միացնեն, այլ հեքիաթներ կարդան, դերային խաղեր կազմակերպեն, լավ եղանակի դեպքում նրանց տանեն դուրս խաղալու, որպեսզի նրանք ավելի շատ շփվեն շրջապատող աշխարհի հետ, կախվածություն ձեռք չբերեն մուլտֆիլմերի նկատմամբ, ինչի հետևանքով հետագայում կարող են շփման, հաղորդակցվելու խնդիրներ ունենալ:
 
Ծնողը չպետք է միացնի հեռուստացույցն ու մի կողմ քաշվի, անհրաժեշտ է, որ նա ճիշտ մեկնաբանի ցուցադրվածի բովանդակությունը, պատասխանի երեխային հուզող հարցերին, արդյո՞ք հերոսն այսինչ բանը ճիշտ արեց, լավ արեց, թե վատ արեց: Հոգեբանները խորհուրդ են տալիս նաև, որ օրվա կտրվածքով մուլտֆիլմեր պետք է դիտել ընդամենը մեկ-երկու ժամ` ցերեկային ժամերին: Խորհուրդ չի տրվում մուլտեր դիտել երեկոյան՝ հատկապես քնելուց առաջ: Սովորաբար, երեկոյան երեխաները հոգնած են լինում, իսկ հատկապես ակտիվ հերոսների մասնակցությամբ մուլտեր դիտելը նրանց մոտ կարող է գերհոգնածություն առաջացնել: Հնարավոր է, որ երեխան չկարողանա քնել կամ մուլտֆիլմի ազդեցության տակ քնի, խախտվի նրա հոգեկան հավասարակշռությունը, ինչի հետեւանքով կարող է գիշերն արթնանալ: Եթե նույնիսկ գիշերը հաճախակի չարթնանա, ապա առավոտյան կարող է զարթնել չափից դուրս գրգռված վիճակում:
 
Ցանկացած տեսակի մուլտֆիլմ դիտելիս շատ կարևոր է ծնողի դերը, ով պետք է անհատական մոտեցում ցուցաբերի, հասկանա, թե որ մուլտն է երեխայի համար լավը և որը վատը, եթե երեխան բնույթով ակտիվ է, ապա նա կարող է ցուցադրել բնույթով հանգիստ մուլտեր: Ընտրված մուլտֆիլմն պետք է զերծ լինի ագրեսիայից, որպեսզի չգրգռի երեխաների նյարդային համակարգը: Այս խորհուրդներին հետևելու դեպքում կարելի է խուսափել մուլտֆիլմերի բացասական ազդեցությունից:
 
Աղբյուրը` www.aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: