Նորություններ

Հայաստանում ամեն տարի 80-90 երեխայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում

Ուշագրավ 2013-02-15

Վերջին 10-12 տարվա ընթացքում Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների վերաբերյալ վիճակագրության մեջ որևէ փոփոխություն չի արձանագրվում, և տարեկան գրանցվում է երեխաների մոտ քաղցկեղի հայտնաբերման 80-90 դեպք: Քաղցկեղով հիվանդ երեխաների 65-70 տոկոսը բուժվում է: Ընդ որում` խոսքը չարորակ նորագոյացությունների մասին է։

Աշխարհի զարգացած երկրներում նույն ցուցանիշը կազմում է 85-90 տոկոս՝ հիվանդության բոլոր փուլերում, իսկ թույլ զարգացած երկրներում՝ 20-30:

Այսօր՝ Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ Tert.am –ի հետ զրույցում վերը նշված տվյալները ներկայացրեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պրոֆ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը: 
 
Վերջինիս խոսքով՝ երեխաների մոտ չարորակ նորագոյացություններն իրենց ստրուկտուրայով՝ ձևով, բուժման ձևերով և արդյունքներով տարբերվում է մեծահասակների քաղցկեղից:
 
«Համարվում է, այսինքն՝ ոչ թե համարվում է, այլ այդպես էլ կա. երեխաների քաղցկեղը բուժվում է ավելի լավ, բոլոր պաթոլոգիաները վերցրած՝ բուժվում է երեխաների մեծ մասը՝ 65-70 տոկոսը: Բուժվում են, այսինքն՝ լիովին բուժվում են,և երեխան ապրում է առանց հիվանդության»,- ասաց Գրիգոր Բադալյանը:
 
Մոտ մեկ տարի տևող համալիր բուժումից հետո, երեխան մնում է բժիշկների հսկողության տակ, քանի որ կա կրկնման ռիսկի ժամկետ, և եթե մեծահասակների մոտ այն հինգ տարի է, ապա երեխաների մոտ՝ երկու:
 
Երկու տարվա մեջ չարորակ նորագոյացության չկրկնվելու դեպքում երեխան համարվում է առողջացած՝ պայմանով, որ տարին մեկ անգամ հետազոտվեն:
 
«Շատ քիչ դեպքերում է հիվանդությունը կրկնվում»,-ասաց մանկական ուռուցքաբանը:
 
Քիմոթերապիան մանկական հասակում կազմում է բուժման ամենամեծ ծավալը՝ մոտ 80 տոկոս, քանի որ երեխաները կայուն են քիմիոթերապիայի նկատմամբ: Իսկ ճառագայթային բուժումը և վիրահատությունը կիրառվում են ավելի քիչ, սակայն ցուցված լինելու դեպքում կիրառվում են:
 
Ի պատասխան հարցի, թե երեխաները հասկանու՞մ են, թե ինչ հիվանդությամբ են տառապում, բժիշկը նշեց, որ շատ փոքրերը՝ ոչ, բայց մի քիչ ավելի մեծ երեխաները շատ հաճախ հասկանում են:
 
«Երեխաներից մեծերը, եթե լրիվ չեն պատկերացնում, ապա հասկանում են հիվանդության լրջությունը:Օրինակ՝ քիչ առաջ շրջայցի ժամանակ մի բալիկ էր, 12-13 տարեկան տղա է, որը կարող է ամեն ինչ չգիտի իր հիվանդության մասին, բայց խոսքը ոտքի ամպուտացիայի մասին էր, և պատկերացրեք, ծնողն ինքը ասաց՝ ինքը գիտի»,- ասաց մանկական ուռուցքաբանը:
 
Երեխաների մոտ քաղցկեղի ամենատարածված ձևը լեյկեմիան է՝ կազմելով երեխաների մոտ քաղցկեղի հայտնաբերման դեպքերի մոտ 22-25 տոկոսը, հաճախականությամբ երկրորդ տեղում են ավշային համակարգի, այսպես կոչված, լիմֆոմաները՝ 18- 20- տոկոսով, ապա՝ գլխուղեղի չարորակ ուռուցքները, ապա՝ ոսկրային համակարգի ու երիկամների չարորակ նորագոյացությունները: 
 
Այն, որ Հայաստանում արդեն մոտ տասը տարի է գործում է ոսկրածուծի հայկական ռեեստրը (Ռուսաստանում նման կենտրոն ցայսօր չկա) պրոֆեսոր Գրիգոր Բադլայանը համարում է ինքնին դրական երևույթ: Սակայն նա նշեց, որ իր տեղեկություններով՝ առաջիկայում Հայաստանում կներդրվի պերիֆերիկ ցողունային փոխպատվաստման մեթոդը:
 
Աղբյուրը` tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: