Նորություններ

Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում Պ. Սևակին նվիրված միջոցառում էր

Կրթական 2014-02-01

Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Ռուզաննա Սաղաթելյանի և Նաիրա Հակոբյանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց գրական-երաժշտական միջոցառում` նվիրված հայ մտքի հսկա Պարույր Սևակի (Ղազարյան) ծննդյան 90-ամյակին:
Միջոցառման մասնակիցները վեցերորդ, յոթերորդ և իններորդ դասարանի աշակերտներ էին: Ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչները, ինչպես նաև ծնողներ ու աշակերտներ, լրագրողներ:
 
Ի սկզբանե մեծ էր մտավախությունը. թվում էր` դեռահասներին չի հաջողվի հաղթահարել օրվա պատասխանատվությունը, սակայն մեկնարկի առաջին իսկ րոպեներից ի դերև ելավ ամեն տեսակ կասկած:
 
Կենցաղային դրվագներով հագեցած բեմականացումը, միմյանց տրամաբանորեն հաջորդող ստեղծագործությունները, աշակերտների աչքերում խոսող լրջությունը կամ թեկուզ միայն «Սևակ» հերոսի այդչափ տիպիկ ընտրությունը պարզապես չէին կարող «իրենցը չանել»: Ընդամենը մի պահ, և կարելի էր որսալ հանդիսատեսի թե՛ ժպտացող ու արտասվախառն, թե՛  հիացած ու ափսոսող և թե՛ մտազբաղ ու խաղաղված հայացքները: Այլ կերպ ասած` «Մարդը ափի մեջ»-ը ունկնդրելիս միաժամանակ տեսնում էիր մարդուն ափի մեջ:
 
Միջոցառման ծրագիրը, սակայն, առավել քան հագեցած էր. ներառված էին ինչպես կենսագրական, այնպես էլ ստեղծագործական  հետաքրքրաշարժ փաստեր, հնչում էին Սևակի ամենատարբեր ժողովածուների լավագույն գործերը, սիրառատ նամակները: Ամբողջ միջոցառումը  ուղեկցվում էր սևակյան խորիմաստ  խոսքերով և նկարներով  հագեցած շնորհանդեսով:
 
Անդրադարձ կատարվեց նաև «Անլռելի զանգակատուն»-ին, «Սուլամիթա»-ին, անմասն չմնացին Սայաթ-Նովային, Կոմիտասին և Նարեկացուն նվիրված աշխատությունները` բեմական համառոտ ակնարկի տեսքով: Մերթընդմերթ հնչող երաժշտական կատարումները նույնպես ազդեցիկ էին և տրամադրող:
 
16-ամյա պատանու` մինչև հանճար դառնալու ճանապարհով տանող այս միջոցառումը` մոտ երկու ժամ տևողությամբ, հանգեց իր տրամաբանական ավարտին:
 
«1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարի զոհ գնաց իր ահեղ դարի բանաստեղծը: Այդ օրը կտրվեց Սևակի տաղանդի ծառը («Այն էլ  զգացի, ցավով զգացի, որ կոտրվելուց հետո է միայն երևում ծառի բուն հաստությունը»):
Սևակն ինքն էլ գիտեր` «Մահը գեղեցկացնելու է ինձ...ես գնալու եմ, բայց չեմ կորչելու. դառնալու եմ ձեր...առողջությունը...»
 
Նմանատիպ զգայացունց միջոցառումները, անխոս, մտահորիզոնի նոր ու լայն դռներ են բացում աշակերտների առաջ. ակնհայտ էր` նրանցից յուրաքանչյուրն իր ու կողքինի ասմունքը «տնտղել-շոշափել-հասկացել էր»:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: