Նորություններ

«Եվրատեսիլ 2014». հայաստանյան ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 6-ին

Ուշագրավ 2014-01-21

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որը 2014 թ. կհյուրընկալի «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը, տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը:
Վիճակահանության ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: 
 
Մասնակից երկրների հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի «Մեծ հնգյակ» երկրների հետ միասին. Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Դանիա:
 
Իսպանիան, Ֆրանսիան և Դանիան կքվեարկեն 1-ին կիսաեզրափակչում, իսկ Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը՝ 2-րդ կիսաեզրափակչում: 
 
Հիշեցնենք, որ 2014 թ-ի մայիսի 6-ին, 8-ին եւ 10-ին  Դանիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր:
 
Ավելացնենք նաև, որ «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին, նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով: 
 
Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրոպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ և էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ ահա ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ:
 
Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները: 
 
2014 թ.-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում:
 
Աղբյուրը` www.aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: