Նորություններ

Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Գելֆանդի հետ

Սպորտ 2014-01-20

Հունվարի 19-ին Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտվեց «Tata Steel Chess» շախմատային մրցաշարի 7-րդ տուրը: Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում: Նախորդ 3 տուրերում 3 անընդմեջ հաղթանակ տարած հայ գրոսմայստերը խաղում էր սևերով:
 
«Կարծում եմ՝ հետաքրքիր և հավասար խաղ էր: Հենց սկզբից ստեղծվեցին շատ հետաքրքիր դիրքեր: Ես ունեի ամբիցիաներ, քանի որ դիրքս ավելի լավն էր: Սակայն, ես չէի կարողանում գտնել ուղիներ՝ բարելավելու իմ դիրքը: Ամեն անգամ, երբ փորձում էի ինչ-որ քայլ ձեռնարկել, մրցակիցն արժանի հակաքայլ էր կատարում: Այդ պատճառով չէի ցանկանում մեծ ռիսկի դիմել: Առավելության հասնելու ճանապարհ չէի տեսնում և որոշեցի համաձայնվել ոչ ոքի արդյունքի»,- Արոնյանի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
 
Հայաստանի հավաքականի առաջատարն ունի 5.5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 7-րդ տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել: 
 
Հունվարի 20-ը Վեյկ Ան Զեեում հանգստյան օր է: Հունվարի 21-ին կայանալիք 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: