Նորություններ

Քշիշտոֆ Պենդերեցկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Ուշագրավ 2014-01-15

Երևանում հունվարի 13-16-ն անցկացվում է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում»: Այս կապակցությամբ Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Պենդերեցկին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 15-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում, երաժշտության բնագավառում ունեցած մեծ նվաճումների, երևանյան երաժշտական կյանքում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
Բարձր գնահատելով համաշխարհային երաժշտարվեստում Պենդերեցկու ներդրած ավանդն ու անբասիր ծառայությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է կոմպոզիտորի երևանյան համերգների անցկացումը, հատկապես՝ երիտասարդ կատարողների կատարելագործման տեսանկյունից:
 
Հյուրին ներկայացնելով Երևանի և Վարշավայի միջև ձևավորված համագործակցության հեռանկարները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2013-ի ամռանը Երևանի և Վարշավայի քաղաքապետերը ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պատրաստակամ են զարգացնելու բարեկամությունն ու խրախուսելու Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը։ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու մայրաքաղաքների միջև մշակութային համագործակցության ընդլայնման մասով ակնկալում է նաև մաեստրոյի աջակցությունը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ աշխարհահռչակ կոմպոզիտորն անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար: 
Քշիշտոֆ Պենդերեցկին շնորհակալություն է հայտնել նաև Երևանի քաղաքապետին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին աջակցելու համար:
 
Աղբյուրը` panorama.am 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: