Նորություններ

Շուշաննա Սարգսյանը և Տիգրան Քոթանջյանը՝ միանձնյա առաջատարներ

Սպորտ 2014-01-15

Երևանում ընթացող շախմատի Հայաստանի 74-րդ կանանց և տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնություններում ի հայտ եկան միանձնյա առաջատարներ:
Հայուհիների պայքարում առաջին տեղ դուրս եկավ Շուշաննա Սարգսյանը, որը սևերով հաղթեց Սուսաննա Գաբոյանին: Մինչդեռ աղյուսակի վերնամասում գտնվող Աննա Հայրապետյանը և Մարիա Գևորգյանը առերես մրցավեճում կիսեցին միավորը:
 
Ենթաառաջատարների խմբում են նաև Նարինե Գասպարյանը և Արմինե Բաբայանը, որոնք սպիտակներով հաղթեցին համապատասխանաբար Սիրանուշ Ղուկասյանին և Հասմիկ Ղամբարյանին: Տուրի մյուս պարտիայում Սվետլանա Միրզաբեկյանը սևերով գերազանցեց Անահիտ Գևորգյանին:
 
Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի այսպիսի տեսք. Սարգսյան՝ 3, Մ. Գևորգյան, Հայրապետյան՝ 2,5-ական, Գասպարյան, Բաբայան՝ 2-ական, Միրզաբեկյան, Ղուկասյան, Ա.Գևորգյան՝ 1-ական, Գաբոյան, Ղամբարյան՝ 0-ական միավոր:
 
Տղամարդկանց ստուգատեսի միանձնյա առաջատար դարձավ Տիգրան Քոթանջյանը, որը սևերով պարտության մատնեց Հայաստանի նախկին չեմպիոն Ավետիք Գրիգորյանին: Առաջին եռյակում են նաև Կարեն Գրիգորյանը և երկրի մյուս երբեմնի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնցից առաջինը առավելության հասավ վանաձորցի, պատանիների աշխարհի նախկին չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ, իսկ երկրորդը գերազանցեց Զավեն Անդրեասյանին:
 
Մրցաշարում առաջին հաղթանակը տարավ տիտղոսավոր Տիգրան Պետրոսյանը, որը սպիտակներով հաղթեց Լևոն Բաբուջյանին: Իսկ Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը խաղաղ դաշն կնքեցին:
 
4-րդ տուրից առաջ մասնակիցները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ. Քոթանջյան՝ 2,5, Կ. Գրիգորյան, Հովհաննիսյան՝ 2-ական, Բաբուջյան, Մելքումյան, Պետրոսյան՝ 1,5-ական, Փաշիկյան, Տեր-Սահակյան, Անդրիասյան, Ա. Գրիգորյան՝ 1-ական միավոր:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: