Նորություններ

Ռոնալդուն երկրորդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»

Սպորտ 2014-01-14

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը: 2013թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Պորտուգալիայի հավաքականի ավագը «Ոսկե գնդակին» արժանացավ երկրորդ անգամ: 28-ամյա Ռոնալդուն նման պատվի արժանացել էր նաև 2008-ին, երբ խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Մրցանակը ստանալիս նա չկարողացավ զսպել արցունքները:
 
«Շնորհակալություն բոլորին: Շնորհակալություն ակումբակիցներիս: Շնորհակալություն թիմին ու բոլոր նրանց, ովքեր շարունակում են հավատալ ինձ: Մի պահ ինձ թվում էր, որ այս առաքելությունն այլևս անհաղթահարելի է ինձ համար և կարելի է կորցնել հավատը: Այժմ ես շատ երջանիկ եմ: Մրցանակս կիսում եմ «Ռեալի» հետ: Այն ստանալու պահին տեսա մորս. նա լացում էր: Ես փորձեցի կառավերել ինքս ինձ, սակայն նույնպես հուզվեցի: Եթե մարդիկ ընտրել են ինձ, ուրեմն ես արժանի եմ: Սակայն Մեսին ու Ռիբերին նույնպես արժան էին «Ոսկե գնդակին»,- նշել է Ռոնալդուն:
 
Այս տարի պորտուգալացին գերազանցեց Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին և կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին Մյունխենի «Բավարիայի» կազմում նվաճել էր բոլոր հնարավոր տիտղոսները, իսկ Արգենտինայի հավաքականի ավագը «Ոսկե գնդակին» արժանացել է նախորդ 4 տարիներին:
 
2013-ին Ռոնալդուն մեծապես նպաստել էր Պորտուգալիայի հավաքականի՝ Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելուն:
 
Արարողության ժամանակ ՖԻՖԱ-ն հարգեց նաև Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի և պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոյի հիշատակը, իսկ Աֆղանստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստացավ ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակը:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: