Նորություններ

Հաշվետու համերգ` ԼՂՀ-ի և ՀՀ մարզերի բացառիկ ունակություններով օժտված երաժիշտների մասնակցությամբ

Ուշագրավ 2013-12-26

Ս. թ.դեկտեմբերի 27-ին «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կիրականացնի հաշվետու համերգ` Երևանի, ԼՂՀ-ի և ՀՀ մարզերի բացառիկ ունակություններով օժտված տասնհինգ պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ համերգի շրջանակում պատանի երաժիշտները համատեղ ելույթներ կունենան նաև անվանի արվեստագետներ Արմեն Բաբախանյանի (ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, «Հարմոնիում» ԵԶԿ նախագահ, ԵՊԿ-ի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, դաշնակահար), Արամ Թալալյանի (ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար), Գագիկ Սմբատյանի (ԵՊԿ պրոֆեսոր, ջութակահար) հետ: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
 
Համերգի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության «Երաժշտական գործիքների ձեռքբերման» ծրագրով մասնակիցներին կտրամադրվեն երաժշտական գործիքներ:
 
ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և նպատակ ունի բացահայտել տասնմեկից քսան տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողների և աջակցել նրանց մասնագիտական կայացմանը:
ՀՀ և ԼՂՀ պատանի երաժիշտ-կատարողների բացահայտման, զարգացման նպատակային ծրագիրը սկզբնական փուլում ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Նախատեսվում է իրականացնել միջոցառումների համալիր շարք, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը, դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: