Նորություններ

Խաղալիքների «ճակատագիրը»

Ուշագրավ 2013-12-18

Զարդարված եղևնին` որպես տոնական կարևոր «նախապայման», առաջինը սկսել է կիրառվել Գերմանիայում, 17-րդ դարի առաջին կեսերից: Ի սկզբանե տոնածառի խաղալիքները պարզ, սիմվոլիկ պատկերների միջոցով ընդամենը պատկերում էին մարդկանց քրիստոնեական կյանքն ու կենցաղը: Օրինակ, մոմերը խորհրդանշում էին հոգևոր լույսը, գնդերը` Բարու և Չարի պտուղները, մրգերն ու բանջարեղենները` բերիություն, պտղաբերություն, մարդիկ և կենդանիները` աստվածային արարչության արդյունք, իսկ տոնածառի գագաթի վառ աստղը Բեթղեհեմի աստղն էր խորհրդանշում:

Հեռավոր անցյալում տոնածառի խաղալիքներն, այսպես ասած, ուտելի էին. դրանք կանայք պատրաստում էին վաֆլուց, շաքարից, աղի խոշոր բյուրեղիկներից, քաղցրավենիքներից, մրգերից… 18-րդ դարում «ուտելի» խաղալիքներից անցում կատարվեց թղթե խաղալիքների, և որպես եղևնու տոնական զարդարանք լայնորեն կիրառվեցին վառ գույների թղթից պատրաստված փերիներ, հրեշտակներ, շղթաներ, կոներ…

Ավելի ուշ` 18-րդ դարի վերջերին, գերմանացի ապակեգործները Լաուշ քաղաքում մեծ հաջողությաբ պատրաստեցին առաջին ապակյա խաղալիքը, որը խնձորի տեսք ուներ: Դրա ստեղծումից ուղիղ մեկ դար անց էլ Լաուշի ապակյա խաղալիքների գործարանը շարունակում էր մնալ աշխարհում առաջինը, իսկ գործարանի արտադրանքը մեծ պահանջարկ էր վայելում ամբողջ աշխարհում: Իհարկե, ժամանակի ընթացքում գործարանը համալրվել է գազային տաքացուցիչներով աշխատող սարքավորումներով, որոնք անհամեմատ հեշտացնում էին վարպետների աշխատանքը: Մինչդեռ նախկինում խաղալիքների պատրաստումն ամբողջովին ձեռքի աշխատանք էր` երկար խողովակի միջով օդը բերանով դուրս էին փչում` արդեն հալեցրած ապակուն տալով տարբեր հետաքրքիր ձևեր, որն իրականում խրթին աշխատանք էր:

Ժամանակի ընթացքում մարդիկ այնքան սիրեցին եղևնին զարդարելու ամանորյա հաճելի պարտականությունը, որ դրա համար նախատեսված խաղալիքներն ու զարդերը հասան գլխապտույտ քանակի և ձևերի: Այսօր արդեն չես զարմացնի տոնածառի խաղալիքների բազմազանությամբ և գեղեցկությամբ: Ավելին` ինչպես հագուստի նորաձևությունն է ամեն տարի փոխվում, այնպես էլ փոխվում են տոնածառի խաղալիքների, շղթաների և մնացած բոլոր զարդարանքների գույներն ու ձևերը:

Չի փոխվում միայն մի բան` տոնական եղևնին զարդարելու ոգևորությունն ու անհամբեր սպասումը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: