Նորություններ

«Կին» միջազգային կինոփառատոն

Ուշագրավ 2013-12-17

Կանանց ֆիլմերի միջազգային փառատոնը, որն արդեն 35 տարեկան է, նպատակ ունի գտնել, բացահայտել և աջակցել կինոարվեստում իրենց գործունեությունը ծավալող կին ռեժիսորներին:

Փառատոնի ժյուրիի տնօրեն Ժակլին Բյուեի հավաստմամբ` իրենք փորձում են լրացնել կինոարվեստի պատմության բացթողումները, այլ խոսքով ասած՝ ձգտում են կինոարվեստի զարգացմանը մասնակից դարձնել նաև կին կինոռեժիսորներին:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ի թիվս այլ ընդհանրությունների, կարևորեց մի ընդհանրություն ևս. «Թե´ հայերը, թե´ ֆրանսիացիները սիրում են կինոարվեստը, և անշուշտ տեղյակ եք, որ կինոյի ոլորտում կա հայ-ֆրանսիական համագործակցություն: Որպես ասածիս հիմնավորում՝ բավական է նշել Անրի Վեռնոյի անունը, որի ավանդը նշանակալի է ֆրանսիական կինոարվեստում, Ռոբերտ Գետիկյանի անունը, «Փարաջանով» ֆիլմի ռեժիսոր Սերժ Ավետիքյանինը ու էլի շատ-շատերի անուններ:

«Կին» միջազգային փառատոնի շրջանակում 6 ֆիլմ է ցուցադրվելու կին կինոռեժիսորներին հայտնաբերելու և բացահայտելու համար: Փառատոնը տեղի կունենա դեկտեմբերի 14-18-ը` Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

Ֆրանսիացի ռեժիսոր Ստեֆանի Ասիմակոպուլոն, ում «Կապույտ գնացք» ֆիլմը ևս մասնակցում է կինոփառատոնին, ցավով նկատեց, որ կինեմատոգրաֆիան տղամարդկանց աշխարհ է, որտեղ կնոջը բաժին ընկած աշխատանքը բավականին ծանր է: «Կինը միայն մեծ ջանքեր գործադրելով կարող է իր տեղը կինոաշխարհում նվաճել: Բացի այդ, այն հայացքը, որով տղամարդիկ են նայում աշխարհին, բոլորովին նույն հայացքը չէ, որով կանայք են նայում այդ նույն աշխարհին: Եվ ես իմ «Կապույտ գնացք» ֆիլմում ձգտել եմ հենց այդ կանացի հայացքն ավելի հասանելի, ավելի տեսանելի և ընկալելի դարձնել»,- ասաց կինոռեժիսորը:

Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: