Նորություններ

Մեծ դեպքերն իրենք են մեզ գտնում…

Ուշագրավ 2013-12-16

Նյու Յորքի տաքսու վարորդներից մեկն իր Facebook-յան էջում գրել էր. «Ես հասա նշված հասցեն և ազդանշանեցի: Ու քանի որ դա իմ վերջին երթն էր, մտածեցի` ավելի լավ է երկար չսպասեմ և տուն գնամ, բայց փոխարենը հարմար կանգառեցի մեքենան, մոտեցա դռանն ու թակեցի այն:

-Մեկ րոպե,- ներսից լսվեց կանացի խռպոտ մի ձայն:

Ես լսում էի, թե ինչպես են հատակին ինչ-որ իրեր քարշ տալիս: Երկար դադարից հետո դուռը բացվեց, և մոտ իննսուն տարեկան մի փոքրամարմին կին կանգնեց դիմացս: Նա բամբակյա զգեստ էր հագել և քողով գլխարկ էր կրում. ճիշտ այնպիսին, ինչպիսին կանայք  կրում էին 1940-ականների ֆիլմերում: Կնոջ կողքին փոքրիկ ճամպրուկ կար, իսկ բնակարանն այնպիսի տեսք ուներ, կարծես այնտեղ երկար տարիներ ոչ ոք չէր ապրել`  կահույքը ծածկված էր սպիտակեղենով, պահարանում չկային ափսեներ, իսկ պատերին` ժամացույց կամ որևէ այլ տնային աքսեսուարներ: Անկյունում լուսանկարներով և ապակյա սպասքով լիքը ստվարաթղթե արկղ էր դրված:

-Դուք չէի՞ք օգնի ինձ պայուսակս դնել մեքենայի մեջ,- ասաց նա:

Ես ճամպրուկը դրեցի մեքենայի մեջ և մոտեցա կնոջն օգնելու: Նա անընդհատ շնորհակալություն էր հայտնում ինձ ցուցաբերած օգնության համար:

-Չարժե շնորհակալություն հայտնել: Ես ուղևորների հետ փորձում եմ վարվել այնպես, ինչպես որ կցանկանայի ուրիշները վարվեին իմ մոր հետ,- պատասխանեցի ես:

-Բայց դու ի՜նչ լավ տղա ես,- ասաց նա:

Հետո մենք մեքենա նստեցինք, կինն ինձ տվեց հասցեն, ու մենք գնացինք նշված հասցեով:

-Իսկ Դուք չէի՞ք կարող քշել քաղաքի կենտրոնով:

-Բայց դա ամենակարճ ճանապարհը չէ,- անմիջապես պատասխանեցի ես:

-Ես դեմ չեմ և ոչ մի տեղ էլ չեմ շտապում. ես ծերանոց եմ գնում:

Հայելու միջով նայեցի ետևի նստարանին. կնոջ աչքերը փայլում էին:

-Իմ ընտանիքը վաղուց «է մեկնել»,- շարունակեց նա ցածր ձայնով:- Բժիշկն ասում է, որ ինձ էլ է քիչ մնացել…

Ես դանդաղ մեկնեցի ձեռքս` հաշվիչն անջատելու…

-Ո՞ր ճանապարհով եք Դուք ուզում գնալ,- հարցրեցի կնոջը:

…Հաջորդ երկու ժամվա ընթացքում մենք մեքենայով շրջեցինք գրեթե ամբողջ քաղաքով: Կինն ինձ ցույց տվեց այն կառույցները, որտեղ նա ժամանակին վերելակավար էր աշխատել: Մենք եղանք նաև այն թաղամասում, որտեղ նա ամուսնու հետ միասին ապրել էր երիտասարդ ժամանակ: Նա ցույց տվեց նաև ներկայիս կահույքի պահեստը, որը ժամանակին պարասրահ էր եղել, և որտեղ ինքը նախկինում պարել էր, երբ փոքրիկ աղջնակ էր: Երբեմն էլ նա խնդրում էր արգելակել որևէ շենքի դիմացը և լուռումունջ նայում էր դրանց, կարծես գրքի նման թերթում էր անցյալի իր էջերը` ևս մեկ անգամ վերապրելով լավ և վատ օրերը:

Ավելի ուշ կինն ասաց.

-Ես հոգնեցի: Երևի մենք արդեն գնանք:

Մենք լուռ գնում էինք նրա նշված հասցեով: Տեղ հասանք. դա սյունազարդ մուտքով հանգստյան տան նմանությամբ ցածրահարկ մի շենք էր: Հենց մենք մոտեցանք շենքին, անմիջապես երկու սանիտար մոտեցան մեքենային: Նրանք շատ հոգատար էին և կնոջն օգենցին դուրս գալ մեքենայից: Հավանաբար նրանք սպասում էին կնոջը: Ես բացեցի բեռնախցիկն ու ճամպրուկը տարա դռան մոտ: Կինն արդեն նստած էր անվասայլակին:

-Ես որքա՞ն պետք է վճարեմ Ձեզ,- հարցրեց կինը` պայուսակից հանելով դրամապանակը:

-Ամենևին ոչինչ,- պատասխանեցի ես:

-Բայց չէ՞ որ Դուք պետք է վաստակեք Ձեր ապրուստը,- պատասխանեց կինը:

-Ոչի´նչ, ուրիշ ուղևորներ էլ կան:

Ես առանց երկար-բարակ մտածելու փաթաթվեցի կնոջը, իսկ նա էլ ամուր գրկեց ինձ:

-Դու մի փոքր երջանկություն պարգևեցիր ծեր կնոջը. շնորհակալություն քեզ դրա համար,- ասաց կինը:

Ես սեղմեցի նրա ձեռքն ու հեռացա, իսկ դուռը փակվեց իմ թիկունքում, և դա ինձ հիշեցրեց «կյանքի գրքի» փակվելու ձայնին: Այդ օրն ես այլևս ոչ մի ուղևոր չվերցրեցի: Մտքերով ծանրաբեռնված`  քշում էի ուր պատահեր և հազիվ էի կարողանում խոսել մարդկանց հետ: Ինքս ինձ ամբողջ օրը մտածում էի, իսկ ի՞նչ կլիներ, եթե այս կնոջը մի խիստ վարորդ հանդիպեր, կամ մեկն, ով շտապում էր ավարտել իր հերթափոխն, ի՞նչ կլիներ, եթե ես հրաժարվեի նրան սպասելուց և 1-2 անգամ ազդանշանելուց հետո հեռանայի…

Ուզում եմ ասել, որ իմ կյանքում ես սրանից ավելի կարևոր բան դեռևս չէի արել:

Մարդիկ սովորաբար կարծում են, որ իրենց կյանքը պտտվում է միայն մեծ դեպքերի շուրջը, այնինչ, իսկապես մեծ դեպքերն իրենք են մեզ գտնում այնքան անսպասելի ու գեղեցիկ, որ մնացած դեպքերը սկսում են շա՜տ փոքր թվալ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: