Նորություններ

«Մուսա լեռան 40 օրը» 80 տարեկան է

Ուշագրավ 2013-11-29

Ամեն ինչ սկսվեց այն օրը, երբ Սուետիայի հայության մի մասը, որոշելով չհնազանդվել տեղահանության մասին թուրքական կառավարության 1915թ.-ի հուլիսի 30-ի կարգադրությանը, որոշեց պաշտպանվել և զենքը ձեռքին բարձրանալ ռազմական ճամբար ընտրած Մուսա լեռը:
«Անհնազանդ»-ների շարքերում մեծաթիվ էին  երեխաները, կանայք,  ծերերը, ովքեր Եսայի Յաղուբյանի, Պետրոս Տլմաքյանի, Տիգրան Անդրեասյանի, Պետրոս Թութագլյանի առաջնորդությամբ ճանապարհ ընկան որպես փրկություն ընտրված Մուսա լեռը:
…Եվ սկսվեցին մեկը մյուսին հաջորդող բախումները` թուրքական կազմավորված և զինված բանակի և հայ` իր հողը, պատիվն ու ընտանիքը պաշտպանող, ինքնաշեն զենքերով կռվող մարտիկների միջև:
 
Հետագայում բազմաթիվ աղբյուրներում կգրվեն, որ  թուրքերն այս մարտերում տվեցին 1000-ից ավելի զոհ, հայերը` ընդամենը 18:
 
Եվ այս հերոսական ինքնապաշտպանական մարտերն ու հայ մարտիկների քաջագործությունները կարող էին այդպես էլ մոռացվել, ինչպես շատ ու շատ անգամներ եղել է, եթե չլիներ հայերիս կողմից այդքան սիրված` Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» փայլուն վեպը` հայ ժողովրդի արիության և հարատևության ապացույցներից մեկը, որը ս.թ. նոյեմբերի 19-ին Վիեննայում մի հարկի տակ էր հավաքել գրական, մշակութային ու քաղաքական բազմաթիվ ներկայացուցիչների. Ավստրիայի Հանրային ռադիոյի հանդիսությունների սրահում նշվում էր վեպի 80-ամյակը: Միջոցառումը կրում էր «40 օր-100 տարի. Ֆրանց Վերֆերի գրականությունը որպես պատմական հայելի» խորագիրը:
 
Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, հանդես գալով բացման խոսքով` արժեվորեց Վերֆելի վեպի պատմական և գեղարվեստական նշանակությունը հայ ժողովրդի հերոսական պայքարի հավերժացման և այդ պայքարի առնչությամբ համամարդկային արժեհամակարգի բարձր նշաձողի սահմանման տեսակետից: Ավստրիայի կառավարության անունից ներկաներին ողջունեց Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության կազմում գործող մշակութային վարչության տնօրեն նախարարական խորհրդական Օլիվեր Հենհապելը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակի Տիրան վարդապետ Պետրոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության ղեկավար հայր Պողոս Կոջանյանը, Պոտսդամի Յոհաննես Լեփսիուս և Վուպպերթալի Արմին Թեո Վեգներ ընկերությունների վարչությունների անդամ Համո Պետրոսյանը:
 
Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ ձեռքբերված նոր տեսանյութերի մասին զեկույցով հանդես եկավ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դր. Հայկ Դեմոյանը: Վերֆելի վեպում հայոց ցեղասպանության պատմական իրողության արտացոլման խնդրի շուրջ տոնական ելույթով հանդես եկավ Զալցբուրգի և Վիեննայում գործող Լոնդոնի համալսարանի դասախոս, գրականագետ պրոֆ. Դր. Ռյուդիգեր Գյորները:
 
Միջոցառման երկրոդ մասում Հայոց ցեղասպանության, Ֆրանց Վերֆելի վեպի շուրջ կազմակերպվեց կլոր սեղան քննարկում և մտքերի փոխանակություն` մի շարք ավստրիացի և հայ գրողների ու ցեղասպանագետների մասնակցությամբ:
Ավստրիայի Ազգային գրադարանը տրամադրել էր նաև Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ձեռագրի բնօրինակը, որը ցուցադրվեց միջոցառման շրջանակներում:
 
Հանդիսության վերջում Ավստրիայում Հայաստանի դեսպան Ա.Կիրակոսյանը ավստրիացի, գերմանացի, ավստրահայ և գերմանահայ շուրջ մեկ տասնյակ մտավորականների հանձնեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատրաստած Վերֆելի վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված հուշամեդալներ, կատարվեց հատուկ այս միջոցառման համար հրատարակված Վերֆելի դրոշմանիշով բացիկների մարման խորհրդանշական արարողություն, դրոշմակնքված բացիկները բաժանվեցին ներկաներին:
 
Հանդիսությանը տոնական տրամադրություն հողորդելու նպատակով հայ և եվրոպացի երգահանների գործերի կատարմամբ հանդես եկան վիեննաբնակ երիտասարդ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ավստրիացի սաքսոֆոնահար Քրիստիան Մաուրերը և Ավստրիայի Գրաց քաղաքից ժամանած լարային քառյակը (Մարինե Բխիյան, Միխայլո Զախարով, Գայանե Միրզոյան, Յուդիտ Պապ):
 
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության, Կրթության, արվեստի և մշակույթի և այլ նախարարությունների պաշտոնատարներ, Հայաստանում Ավստրիայի դեսպան դր. Ալոիս Կրաուտը, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների անդամներ, մտավորականներ, պատմաբաններ, գրականագետներ, լրագրողներ, ավստրահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
 
Միջոցառումն անցավ իրազեկման առումով գերհագեցած մթնոլորտում: Ավստրիայի Հանրային ռադիոյի ղեկավարությունը ծրագրել է առաջիկա ամիսներին և ընդհուպ մինրև 2014թ.-ի ապրիլի 24-ը պարբերաբար անդրադառնալ միջոցառմանը և ավելի լայն լսարանի համար հեռասփռել քննարկումների թեմաները, հնչած երաժշտական կատարումները:
 
Աղբյուրը` austria.mfa.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: