Նորություններ

Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման կարգը

Ուշագրավ 2020-07-01

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։
  • Հեռավար կրթությունն իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:
  • Հեռավար կրթություն կարող են կազմակերպել հանրակրթական հիմնական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում գործող հեռավար ուսուցման կենտրոնը` ՀՈՒԿ-ը:
  • Հեռավար կրթության մասնակիցներն են սովորողները, ուսուցիչները, մանկավարժական աշխատողները, ծնողները կամ սովորողի օրինական ներկայացուցիչը, դպրոցում համապատասխան առարկայական ուսուցչի բացակայության դեպքում՝ ՀՈՒԿ-ի՝ առարկայական մասնագետները:
  • Հեռավար կրթական ծրագրերի բովանդակությունը չի կարող տարբերվել տվյալ առարկայի ծրագրով և չափորոշչով սահմանվածից։

 

Հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել հետևյալ դեպքերում.

 

  • Եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը:
  • Եթե հայտարարվել է արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակ (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն):
  • Դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ օտարերկրյա պետություններում ծնողների հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար՝ եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում:
  • Այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատև բուժման կարիք:
  • Այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են և հաճախ են բացակայում երկրից:
  • Այն անձանց համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:
  • Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Հայաստան վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր՝ ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:

 

Վարձատրություն

 

Ամբողջ ուսումնական տարվա համար հեռավար կրթություն կազմակերպող ուսուցիչները վարձատրվում են ուսուցչի մեկ դրույքի չափով, իսկ մնացած դեպքերում՝ ժամավճարով՝ բացառությամբ արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում կազմակերպվող դասերից։

 

Կազմակերպման կարգը

 

  • Հեռավար ուսուցումը կազմակերպվում է ըստ դասարանների` հանրակրթական ծրագրերին համապատասխան, այն ուսումնական հաստատությունում, որտեղ հաշվառված է սովորողը։ Եթե տվյալ ուսումնական հաստատությունում բացակայում են հեռավար կրթության կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ դպրոցը չունի տվյալ առարկան դասավանդող ուսուցիչ, ապա հեռավար կրթություն կազմակերպվում է մեկ այլ ուսումնական հաստատության ուսուցչի կողմից՝ ՀՈՒԿ-ի աջակցությամբ:
  • Հեռավար կրթությունը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց պահանջները կատարած սովորողները գնահատվում են` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
  • Հեռավար կրթության ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական հաստատության տնօրենի հաստատած ժամանակացույցին համապատասխան, իսկ ուսումնական գործընթացի կազմակերպման պատասխանատուն տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալն է:
  • Յուրաքանչյուր աշակերտի համար կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսումնական հաստատությունը կամ ՀՈՒԿ-ը բացում է անհատական էջ` համապատասխան ծածկագրով:
  • Հեռավար կրթության միջոցով ուսուցումը համարվում է իրականացված, եթե ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակների 70%-ը աշակերտների ոչ պակաս քան 90%-ը յուրացնում են ՏՀՏ միջոցով: Հեռավար կրթության գործընթացից դուրս մնացած աշակերտների համար դասերի յուրացումը կատարվում է անհատական պարապմունքների միջոցով՝ ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի սահմանած եղանակով:
  • Հեռավար կրթության ընթացքում սովորողների ընդունելությունը, ինչպես նաև փոխադրումը, տեղափոխումը, ազատումը ուսումնական հաստատությունն իրականացնում է առկա ուսուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Հեռավար ուսուցման ուսումնամեթոդական նյութերը տեղադրվում են հեռավար ուսուցման համալիր էջում` heravar.armedu.am, որը հասանելի է բոլոր ուսումնական հաստատությունների համար: Ուսումնական հաստատությունը սեփական նախաձեռնությամբ կարող է մշակել նոր ուսումնամեթոդական նյութեր՝ առարկայի ծրագրին, ուսումնական պլանին և պետական չափորոշչին համապատասխան:

 

Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: