Նորություններ

Հայտնի դարձան «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի հաղթողների անունները

Ուշագրավ 2013-02-08

Ս.թ. փետրվարի 8-ին Կրթության ազգային ինստիտուտի հանդիպումների սրահում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի և ՀՀ ԿԳ նախարարության կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի ամփոփման երկրորդ փուլը և հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան Երևանի ավագ և ՀՀ մարզերի այն դպրոցների անունները, որոնց աշխատանքները հայտվել էին լավագույնների թվում:

Մրցույթը հայտարարվել էր «Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 487 դպրոցների շրջանակում, որոնցից մասնակցել էին 168 դպրոցներ` ներկայացնելով դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորման աշխատանքներ: Այդ նպատակով ձևավորվել էին դպրոցական խմբեր`բաղկացած աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից, ովքեր լուսանկարել են իրենց աշխատանքներն ու տեղադրել լուսանկարները Dasaran.am կայքում` այդպիսով ներկայացնելով իրենց ստեղծագործությունները հանրության դատին: Նշենք, որ  մրցույթի ամփոփման ընթացքում հատուկ կարևորվել է խմբային աշխատանքը, մասնավորապես` աշակերտների կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները:

Մրցույթի ամփոփմանը ներկա էին ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ովքեր նշեցին, որ ԿԳ նախարարության համագործակցությունը «Dasaran.am» կրթական ծրագրի հետ մեծ ձեռքբերում է և նպատակ ունի բարձրացնել կրթության որակը: Այնուհետև «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը հայտարարեց մրցանակակիրների անունները:
 
Երևանի թիվ 142, Չարենցավանի Մաշտոցի անվան ավագ դպրոցը և Դիլիջանի թիվ 4 դպրոցները ստացան համակարգիչ, իսկ յուրօրինակ ձևավորմամբ հանդես եկած 4 դպրոցներ (Երևանի թիվ 118, Գավառի թիվ 8, Գուգարքի թիվ 2, Գյումրիի թիվ 1) ստացան գրադարան: Համակարգիչ ստացավ նաև Ալավերդու թիվ 12 դպրոցը, որը Dasaran.am-ում անցկացված քվեարկության ընթացքում հավաքել էր առավելագույն թվով ձայներ: Ակտիվ մասնակցություն ցուցաբերած ևս 10 դպրոցներ ստացան պատվոգրեր ՀՀ ԿԳ նախարարության և «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից:
 
Տեղեկացնենք նաև, որ հունվարի 23-ին տեղի ունեցավ վերոնշյալ մրցույթի ամփոփման առաջին փուլը, որի արդյունքում Երևանի  թիվ 169 և 90 դպրոցները ճանաչվեցին մրցույթի հաղթող` ստանալով համակարգիչ, իսկ թիվ 128 և 121 դպրոցներն իրենց ներկայացրած յուրօրինակ աշխատանքների համար ստացան գրադարան: Նշենք, որ ևս 11 դպրոցներ ստացան պատվոգրեր Երևանի քաղաքապետարանի և «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից:
 
Հիշեցնենք, որ Dasaran.am-ն արդեն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 502-ը` այս պահին ունենալով ավելի քան 450.264 գրանցված բաժանորդ (աշակերտներ և ծնողներ), 502 տնօրեններ և 20.256 ուսուցիչներ: Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: