Նորություններ

Մեդիագրագիտության շաբաթը Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում

Կրթական 2019-11-11

Մեդիագրագիտության շաբաթ դպրոցներում նախաձեռնության շրջանակներում Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի բարձր դասարանների աշակերտները մասնակցեցին լրագրողի հետ հանդիպմանը: Դպրոցի հումանիտար մասնախումբը հրավիրել էր լրագրող Լուսինե Սարգսյանին, որը հանդիպեց աշակերտների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Նա խոսեց մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու , մեդիայի գործողություններին արձագանքելու հմտություններին մասին: Նա նշեց, որ մեդիագրագիտության հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձևավորվում է առաջին հերթին դպրոցում: Աշակերտների հարցերին պատասխանելով`նա ներկայացրեց, թե ինչ է նշանակում «Դեղին մամուլ», ինչպես պետք է ստուգել տեղեկատվության հավաստիությունը, ինչ որոնել մեդիայում և ինչպես որոնել, ինչպես կողմնորոշվել այն ահռելի ինֆորմացիայի մեջ, որը նրանց ներկայացվում է տարբեր լրատվական միջոցների միջոցով: Հանդիպումը շատ հետաքրքիր էր, ուսուցանող, շատ հարցեր ստացան իրենց պատասխանները: Լրագրողը խորհուրդ տվեց աշակերտներին զգուշությամբ ուսումնասիրել լրատվական ինֆորմացիան, լինել շրջահայաց և արագ կողմնորոշվող: Աշակերտների մեջ կային երեխաներ, որոնք արդեն կողմնորոշվել էին դառնալու լրագրող, նրանք շատ մեծ ոգևորությամբ էին լսում իրենց հուզող հարցերի պատասխանները, նրանց կողմնորոշումը ավելի ամրապնդվեց: 9-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպվեց «Պահապան շներ» տեսաֆիլմի դիտումը և քննարկումը: Նրանք ծանոթացան լրագրության ժանրերին, «գոգի շուն», «սուլիչ փչողներ» տերմիններին: Տեսաֆիլմը պարբերաբար ընդմիջվում էր տեսածի շուրջ քննարկումներով: Ֆիլմի ավարտից հետո ամփոփեցին, կարծիքներ հայտնեցին և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները: 7-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպվեց սեմինար-քննարկում «Մեդիագրագիտություն» թեմայով: Խոսեցին մեդիա ներկայացնող տեսակների մասին, աշակերտները ծանոթացան ինֆորմացիա և լուր հասկացությունների նմանությանն ու տարբերությանը: Քննարկեցին, թե ինչպես անվտանգ օգտվել ինֆորմացիայի մեծ հոսք ապահովող համացանցից: Դասղեկական ժամը հետաքրքիր էր ու բովանդակալից:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: