Նորություններ

Հայկական ձեռագործների արժեքավոր ու բացառիկ նմուշներ՝ Ազգային պատկերասրահում

Ուշագրավ 2019-10-24

Նարեկ Վան Աշուղաթոյանը hայկական ձեռագործ աշխատանքների արժեքավոր ու բացառիկ նմուշներ է ձեռք բերել աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիայից, Շոտլանդիայից, Թուրքիայից... Սկիզբում դժվար է եղել, երբ միջազգային աճուրդներում ու վաճառասրահներում ապարդյուն փորձել է գտնել հայկական ձեռագործներ։ Հետո հասկացել է, որ դրանք պետք է փնտրել «օսմանյան», «թուրքական» կամ «հունական» անվանումների ներքո։ Նարեկի հավաքածուն ներառում է ավելի քան 70 աշխատանք՝ հիմնականում ծիսական ու կիրառական։ Հավաքածուի համար հիմք է դարձել պապից՝ նկարիչ Հովհաննես Շարամբեյանից ժառանգած ասեղնագործ աշխատանքների որոշ պատառիկներ։ Այս գարնանը Նարեկ Վան Աշուղաթոյանը դրանք ներկայացրեց «Փրկյալ ձեռագործք հայոց» գրքում, իսկ հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նույնանուն ցուցահանդեսը։ «Ինձ համար ուրախալի օր է, որովհետեւ հնարավորություն ունենք ազատորեն նշելու՝ ով է այս ստեղծագործությունները հեղինակած ազգը։ Շատ կարևոր է, որ մեր հանրությունը հաղորդակից լինի այս նմուշներին, դիզայներներն իրենց գործն անեն, ազգագրագետներն ու պատմաբանները՝ իրենց։ Սրանք բավական բազմաշերտ տեղեկատվություն պարունակող նյութեր են։ Ամեն գյուղ կամ քաղաք նկարչական դպրոց չի ունեցել, բայց ամեն գյուղում ու քաղաքում բոլոր կանայք ասեղնագործել են, եւ սա էլ նկարելու մի ձև էր։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան էմոցիաներ, տեղեկատվություն է խտացված այս նյութերում, որոնք բացելու, հասկանալու առիթներ դեռ պիտի ունենանք»,- ասում է Նարեկ Վան Աշուղաթոյանը։ Հիմա հավաքորդներն արդեն իրենք են դիմում Նարեկին՝ ճշտելու ձեռագործ աշխատանքների հայկական ծագումը։ «Հայերին զուգահեռ ասեղնագործել են նաև թուրքերը։ Տարբերությունները երբեմն բավական լավ զգացվում են, բայց որպեսզի դրանք միանգամից նկատեն, պետք է շատ տեսնեն հայի, հույնի, թուրքի արած ձեռագործները։ Մարդիկ այդ փորձառությունը չունեն, իրենք դա դիտել են որպես թուրքական և հիմա բացահայտում են, որ հայերն էլ են զբաղվել ձեռագործով»։ Ձեռագործ աշխատանքներն այլեւս ավանդական օժիտի մաս չեն, բայց դրանք այսօր էլ կիրառվում են։ Ազգագրագետ, ցուցահանդեսի ավագ խորհրդատու Հրազդան Թոքմաջյանը նկատում է, որ ասեղնագործության նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։ Ցուցահանդեսը կազմակերպել է «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը, որը Հայաստանի համայնքներում իրականացնում է ձեռագործ աշխատանքների ուսուցման դասընթացներ։ Որպես այս արվեստի փորձառու վարպետներ՝ ծրագրում ներգրավված են նաեւ սիրիահայ կանայք։ Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս։ Աղբյուրը՝ Mediamax.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: