Նորություններ

Մեկնարկել է «Նավասարդյան խաղերի» աշնանային մրցաշրջանը

Ուշագրավ 2013-11-08

Ս. թ. նոյեմբերի 4-ից «Նավասարդյան խաղերի կոմիտեն»` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացնում է Առաջին «Նավասարդյան խաղերի» աշնանային մրցաշրջանը:
«Նավասարդյան խաղերը» ներառված են նաև «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: «Նավասարդյան խաղերը» Հայաստանի ազգային հարուստ ավանդույթների և մերօրյա մշակույթի միջև յուրօրինակ մի կամուրջ է. նախաձեռնություն, որը միտված է բացահայտելու և աջակցելու շնորհալի պատանիներին և երիտասարդներին, ինչպես նաև նպաստելու նոր սերնդի ներգրավվածությանը արվեստի տարբեր ոլորտներում:
 
«Նավասարդյան խաղերի» նպատակն է` ազգային մշակութային ավանդույթների պահպանումն ու այն սերունդներին փոխանցելու շարունակականություն ապահովումը:
 
Առաջին «Նավասարդյան խաղերում» ընդգրկված է 36 անվանակարգ, որոնք ներկայացնում են ավանդական և արդի արվեստի, արհեստների գրեթե բոլոր ոլորտները: Խաղերը կիրականացվեն փուլային սկզբունքով` տարվա եղանակներին համահունչ (աշուն, ձմեռ գարուն, ամառ):
 
«Նավասարդյան խաղերը» կանցկացվեն մրցութային երկու փուլով, երկու տարիքային խմբում՝ կրտսեր և ավագ: Մասնակիցների նվազագույն տարիքը 10 տարեկանն է, առավելագույնը՝ 25: «Նավասարդյան խաղերի» յուրաքանչյուր անվանակարգի համար ձևավորվել է մրցութային հանձնաժողով, որոնց կազմում ընդգրկված են հանրապետության լավագույն մասնագետները: 
Աշնանային խաղերի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Գյումրիում, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, դեկտեմբերին: Այնուհետև, Երևանում, դեկտեմբերի 28-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մրցանակակիրների մասնակցությամբ տեղի կունենա «Նավասարդյան խաղերի» թատերահամերգային բեմականացումը, որով և կազդարարվի աշնանային մրցաշրջանի փակումը և ձմեռային մրցաշրջանի բացումը:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: